Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
საქართველოს საბჭოთა სოციალისტური რესპუბლიკა
 Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
 Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն
1921 փետրվարի 25 - 1991 դեկտեմբերի 26Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն 
Վրաստան 
Flag of the Georgian Soviet Socialist Republic.svgEmblem of the Georgian SSR.svg
Քարտեզ

Soviet Union - Georgia.svg

Ընդհանուր տեղեկանք
ՄայրաքաղաքԹբիլիսի
ԼեզուՌուսերեն, վրացերեն
ԱզգությունՎրացիներ, հայեր, ռուսներ, ադրբեջանցիներ, աբխազներ, օսեր
ՀիմնՎրացական ԽՍՀ-ի պետական օրհներգ
ԱրժույթԽՍՀՄ Ռուբլի
Իշխանություն
Պետության գլուխՎրաստանի Կոմկուսի առաջին քարտուղար
ՕրենսդրությունՎրացական ԽՍՀ Սահմանադրություն (1978 թվական)
Պատմություն

Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (վրաց.՝ საქართველოს საბჭოთა სოციალისტური რესპუბლიკა՝ Սաքարթվելոս սաբճոթա սոցիալիստուրի ռեսպուբլիկա), նաև՝ Վրացական ԽՍՀ կամ Խորհրդային Վրաստան, ԽՍՀՄ 15 հանրապետություններից մեկը։ Գոյություն է ունեցել 1921 թվականի փետրվարի 25-ից 1991 թվականի դեկտեմբերի 26-ը։

Գտնվում էր Անդրկովկասի հյուսիսային և արևմտյան մասում՝ Սև ծովի ափին՝ Մեծ Կովկաս և Փոքր Կովկաս լեռնային համակարգերի միջև։ Ուներ երեք ինքնավար միավոր՝ Աբխազական և Աջարական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություններ ու Հարավային Օսիայի Ինքնավար Մարզ:

Հարավում սահմանակից էր Հայկական ԽՍՀ-ին, հարավ-արևելքում՝ Ադրբեջանական ԽՍՀ-ին, հյուսիսում՝ Ռուսաստանի ԽՍՖՀ-ին (Կրասնոդարի երկրամաս, Կարաչայ-Չերքեզական ԻՄ, Կաբարդինա-Բալկարիայի ԻԽՍՀ, Հյուսիսային Օսիայի ԻԽՍՀ, Չեչենա-Ինգուշական ԻԽՍՀ և Դաղստանի ԻԽՍՀ)։ Հարավ-արևմուտքում անցնում էր ԽՍՀՄ-Թուրքիա պետական սահմանը։

Տարածքը կազմել է 69 700 քառ. կմ, իսկ բնակչությունը՝ 5 400 841 մարդ (1989 թվականի տվյալներով)։ Մայրաքաղաքը եղել է ներկայիս Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին: Խոշոր քաղաքներն էին Ռուսթավին, Քութայիսը, Սուխումը, Բաթումը: Բաժանված էր 65 շրջանի, ուներ 58 քաղաք, 55 քաղաքատիպ ավան։

Այժմ նրա տարածքում գտնվում են երեք անկախ հանրապետություններ՝ Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի Հանրապետություններ: Դրանցից վերջին երկուսը ճանաչված են միայն Ռուսաստանի Դաշնության կողմից, և անկախ են փաստացի (դե ֆակտո)։

Պատմություն

1905-1907 թվականների ռուսական հեղափոխությունից տարիներ անց՝ 1912 թվականին, Վրաստանում բարձրացավ գործադուլային ալիքը։ 1913 թվականի ամռանը գործադուլներին մասնակցեց մոտ 10 000 մարդ։ Զանգվածային բնույթ ունեին 1912-14 թվականների մայիսմեկյան ցույցերը։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) տարիներին Վրաստանի արդյունաբերությունը ճգնաժամային դրության մեջ էր, զգալիորեն կրճատվեցին ցանքատարածությունները։ Ռուսաստանում Փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխության (1917) ընթացքում Թիֆլիսում և Վրաստանի մյուս քաղաքներում ստեղծվեցին Բանվորների, զինվորների և գյուղացիական դեպուտատների խորհուրդներ, որտեղ, սակայն, ղեկավարությունը զավթեցին մենշևիկներն ու էսէռները:

Նոյ Ժորդանիա, Վրաստանի վարչապետ 1918-1921 թվականներին

1917 թվականի մարտի 9(22)-ին Թիֆլիսում ստեղծվեց բուրժուական ժամանակավոր կառավարության տեղական մարմինը՝ Անդրկովկասյան հատուկ կոմիտեն (Օզակոմ)։ Վրաստանում, ինչպես և ամբողջ Ռուսաստանում, հաստատվեց երկիշխանություն։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը սկզբնավորեց վրաց ժողովրդի սոցիալական և ազգային ազատագրումը։ Վրաստանում աշխատավորների պայքարը գլխավորեցին բոլշևիկները։ Հակահեղափոխական ուժերի խմբավորումը 1917 թվականի նոյեմբերի 15(28)-ին Օզակոմի փոխարեն ստեղծեց Անդրկովկասյան կոմիսարիատ: իշխանությունը գրավեցին մենշևիկները։ Հակահեղափոխական մյուս կուսակցությունների հետ նրանք ստեղծեցին վրացական ազգային զորամիավորումներ, Վրացական ազգային խորհուրդ և այսպես կոչված ժողովրդական գվարդիա։ 1917 թվականի նոյեմբերի 29 (դեկտեմբերի 12)-ին մենշևիկները զավթեցին Թիֆլիսի զինանոցը, փակեցին բոլշևիկյան թերթերը, 1918 թվականի փետրվարին 10(23)-ին գնդակոծեցին Թիֆլիսի բանվորների բողոքի ցույցը։ Բոլշևիկները ստիպված էին աշխատել ընդհատակում։

1918 թվականի փետրվարին ստեղծվեց պետական իշխանության հակահեղափոխական մարմին՝ Անդրկովկասյան սեյմը, որն Անդրկովկասը հայտարարեց «Անկախ ֆեդերատիվ դեմոկրատական հանրապետություն»: Մենշևիկների իշխանության տարիներին Վրաստանի ժողովրդական տնտեսությունը ամբողջովին քայքայվեց։ Չլուծվեց ագրարային հարցը, գյուղացիությունը հող չուներ, խախտվեցին Ռուսաստանի հետ տնտեսական կապերը։ 1918 թվականի առաջին կեսին մենշևիկյան տիրապետության դեմ տեղի ունեցան աշխատավորների զինված ընդվզումներ։ Հեղափոխական շարժման դեմ պայքարի նպատակով մենշևիկները գործակցեցին ինտերվենտների հետ, 1918 թվականի մայիսի վերջին-հունիսի սկզբին Վրաստան մտան գերմանական զորքերը։

1918 թվականի հունիսի 4-ին վրացական մենշևիկյան կառավարությունը Բաթումում պայմանագիր կնքեց Թուրքիայի հետ, որով Թուրքիային էր անցնում Վրաստանի տարածքի մի մասը։ 1918 թվականի դեկտեմբերին գերմանա-թուրքական զորքերին փոխարինեցին անգլիական զավթիչները, որոնք Վրաստանում մնացին մինչև 1920 թվականի հուլիսը։ 1919 թվականին Վրաստանի բոլշևիկները Գեորգի Օրջոնիկիձեի գլխավորությամբ սկսեցին նախապատրաստվել զինված ապստամբության։ 1919 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին ապստամբեց Վրաստանի գավառների մեծ մասը։

Երկրի ներքին և արտաքին իրավիճակը մենշևիկյան կառավարությանը ստիպեց ՌԽՖՍՀ-ի հետ կնքել պայմանագիր, որով նա պետք է խզեր կապերը ռուս, հակահեղափոխության հետ, Վրաստանից դուրս բերեր օտարերկրյա զորամասերը, լեգալացներ բոլշևիկյան կազմակերպությունները։ Վրաստանում ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ նշանակվեց Սերգեյ Կիրովը:

1920 թվականի մայիսին կազմակերպվեց Վրաստանի կոմկուսը։ Կոմունիստները դուրս եկան ընդհատակից և ծավալեցին ակտիվ գործունեություն։ Սակայն մենշևիկները խախտեցին ՌՍՖՍՀ-ի հետ պայմանագիրը։ Բոլշևիկներին սկսեցին դաժանորեն հետապնդել։

1921 թվականի փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերը Գորիի, Դուշեթի, Լեչխումի ևն գավառներում սկսվեցին զինված ապստամբություններ, որոնք տարածվեցին ամբողջ Վրաստանում։ Փետրվարի 16-ին Շուլավերում ստեղծվեց Վրաստանի Հեղկոմը (Ա․ Գեգեչկորի, Վ․ Կվիրկվելիա, Ֆ․ Մախարաձե և ուրիշներ)։ 1921 թվականի փետրվարի 18-ին հայտարարելով Վրաստանը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն՝ Հեղկոմը կոչ արեց տեղերում վերցնել իշխանությունը և կազմել տեղական հեղկոմներ։ Ապստամբությունը հաջողությամբ ծավալվում էր, սակայն, անհավասար կռիվ մղելով մենշևիկների և ինտերվենտների դեմ, Հեղկոմը դիմեց Վլադիմիր Լենինին օգնության խնդրանքով։ Խորհրդային կառավարությունն ընդառաջեց։

Order of Red Banner, Georgian SSR, 1923.png

1921 թվականի փետրվարի 25-ին 11-րդ կարմիր բանակի զորամասերը վրացական ապստամբական ջոկատների հետ մտան Թիֆլիս, տապալեցին մենշևիկյան կառավարությունը։ Մարտի 4-ին խորհրդային իշխանություն հաստատվեց Աբխազիայում։ Կազմվեց Աբխազական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը: Մարտի 5-ին խորհրդային իշխանություն հաստատվեց Ցխինվալիում (Հարավային Օսիա)։ 1921 թվականի մարտի 16-ին ՌԽՖՍՀ և Թուրքիայի միջև Մոսկվայում կնքվեց պայմանագիր, որով Թուրքիան հրաժարվեց Բաթումից և Աջարիայի հյուսիսային մասից։ Պայմանագրի համաձայն Աջարիան ճանաչվեց Վրաստանի անբաժանելի մասը։ Մարտի 18-ին մենշևիկյան կառավարությունը վտարվեց Բաթումից։ Մարտի վերջին Վրաստանի ամբողջ տարածքը մաքրվեց մենշևիկյան զորքերից։ Վրաստանում խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից ազգայնացվեցին արդյունաբերությունը, երկաթուղիները, բանկերը, հողերը։

1921 թվականի մայիսի 21-ին ՎԽՍՀ ռազմա-տնտեսական պայմանագիր կնքեց ՌԽՖՍՀ-ի հետ։ Նույն թվականի աշնանը Կարսում Անդրկովկասի երեք խորհրդային հանրապետությունները՝ Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը Թուրքիայի հետ ստորագրեցին նոր պայմանագիր[1]: 1922 թվականի փետրվարի 25-մարտի 4-ին կայացավ Խորհուրդների համավրացական I համագումարը, որն ընդունեց ՎԽՍՀ առաջին սահմանադրությունը, ընտրեց Կենտգործկոմ, որը և կազմեց կառավարություն։ Վրաստանի Հեղկոմը 1921 թվականի հուլիսի 16-ին հրապարակեց դեկրետ ՎԽՍՀ կազմում Աջարական ԻԽՍՀ կազմելու մասին։ 1921 թվականի դեկտեմբերի 16-ին «ՎԽՍՀ և Աբխազական ԽՍՀ միջև դաշնակցային պայմանագրի» հիման վրա Աբխազիան մտավ ՎԽՍՀ կազմի մեջ որպես ինքնավար հանրապետություն։ Վրաստանի Կենտգործկոմի և ԺԿխ-ի 1922 թվականի ապրիլի 20-ի դեկրետով ՎԽՍՀ կազմում ստեղծվեց Հարավային Օսիայի Ինքնավար Մարզը: 1922 թվականի մարտի 12-ին Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվեց պայմանագիր ֆեդերատիվ միություն կազմելու վերաբերյալ։

1922 թվականի մարտի 12-ից 1936 թվականի դեկտեմբերի 5-ը Վրաստանը մտել է Անդրկովկասյան ֆեդերացիայի (ԱԽՖՍՀ) մեջ, իսկ 1922 թվականի դեկտեմբերի 30-ից Անդրֆեդերացիայի կազմում՝ ԽՍՀՄ-ի մեջ։ ԱԽՖՍՀ, որն իր առջև դրված խնդիրները կատարել էր, 1936 թվականին վերացավ։ Վրաստանը մտավ ԽՍՀՄ կազմի մեջ որպես միութենական հանրապետություն։

Վրացական ԽՍՀ սահմանները 1944-1955 թվականներին

1937 թվականի փետրվարին Խորհուրդների համավրացական VIII արտահերթ համագումարն ընդունեց նոր սահմանադրություն։ Խորհրդային իշխանության առաջին տարիներին սկսվեց 20 խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների շինարարությունը։ 1926 թվականին Վրաստանի ժողովրդական տնտեսությունը հասավ նախապատերազմյան մակարդակին, վերականգնվեց տրանսպորտը, ցանքատարածությունները գերազանցեցին 1913 թվականի մակարդակը, ծավալվեց կուլտուրական շինարարությունը։ Սոցիալիստական շինարարության առաջին հնգամյակների հաջող կատարման շնորհիվ Վրաստանը վերածվեց ինդուստրիալ-ագրարային երկրի՝ բազմաճյուղ կոլեկտիվացված գյուղատնտեսությամբ։ Արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ ձեռք բերած հաջողությունների համար 1935 թվականի մարտի 15-ին ՎԽՍՀ պարգևատրվեց Լենինի շքանշանով։

1937 թվականին ժողովրդական տնտեսության մեջ արդյունաբերության տեսակարար կշիռը կազմեց 75,2%: Կառուցվեցին ավելի քան 800 արդյունաբերական նոր ձեռնարկություններ, այդ թվում սոցիալիստական էներգետիկայի առաջնեկը՝ Զեմո-Ավճալայի հիդրոէլեկտրակայանը (Զագէս), ինչպես նաև Ռիոնի հէկը, Տղվարչելիի ջէկը, Թբիլիսիի բրդեղենի-մահուդի կոմբինատը, Քութայիսի մետաքսի կոմբինատը, Զեստաֆոնի ֆեռո-համաձուլվածքների գործարանը ևն։ Նախապատերազմյան տարիներին ստեղծվեցին արդյունաբերական նոր ճյուղեր (մեքենաշինություն, նավթահանություն, քիմիական, թեյի ևն)։ Կառուցվեց 250 կմ երկաթուղի և ավելի քան 8 000 կմ խճուղային ճանապարհ։

Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա, Անդրկովկասում հիմնադրվել է առաջինը (1941)

1940 թվականին Վրաստանի արդյունաբերական համախառն արտադրանքի ամբողջ ծավալը 1913 թվականի համեմատությամբ աճեց 10,2 անգամ։ Վրաստանում հաղթանակեց կոլտնտեսային կարգը։ 1940 թվականին կոլեկտիվացվեց գյուղացիական տնտեսությունների 94,1%-ը։ Աճեց բանվորների և ծառայողների թիվը (89 500-ից հասավ 494 000)։ Սոցիալիստական շինարարության տարիներին հաջողությամբ իրականացավ կուլտուրական հեղափոխությունը, վերացավ անգրագիտությունը, աճեցին ժողովրդական մտավորականության և բանվոր դասակարգի ազգային կադրերը, ստեղծվեցին բարձրագույն ուսումնական հաստատություններ ԳՀԻ-ներ, գիտական և մշակութալուսավորական հաստատություններ։ Հաջողությամբ զարգանում էին վրացական խորհրդային գրականությունը և արվեստը։ Սոցիալիստական ինդուստրացումը, գյուղատնտեսության կոլեկտիվացումը, կուլտուրական հեղափոխությունը հիմնովին փոխեցին հանրապետության դեմքը։ Վրաստանում հիմնականում կառուցվեց սոցիալիզմ։ ԽՍՀՄ-ում սոցիալիզմի հաղթանակով վրաց ժողովուրդը համախմբվեց որպես սոցիալիստական ազգ։

Հայրենական մեծ պատերազմին Վրաստանից մասնակցեց մոտ 700 000 մարդ (ամբողջ հանրապետության բնակչության 1/5-ը)։ ՎԽՍՀ մեծ քանակությամբ զինամթերք, հանդերձանք և պարեն ուղարկեց ռազմաճակատ։ Պատերազմի ընթացքում ձևավորվեցին և ռազմաճակատ մեկնեցին վրացական մի քանի դիվիզիաներ, որոնք Խորհրդային բանակի շարքերում մասնակցեցին Կովկասի պաշտպանությանը, Թամանի ազատագրմանը, Ղրիմում և այլ ռազմաճակատներում մղված մարտերին։ Խորհրդային զորքերի (այդ թվում 46-րդ բանակի, որի հրամանատարն էր գեներալ Կ․ Ն․ Լեսեչիձեն) հաջող գործողությունների շնորհիվ գերմանա-ֆաշիստական զորքերը 1942 թվականի աշնանը ետ շպրտվեցին Կովկասյան գլխավոր լեռնաշղթայից։ Վրացի զինվորները մասնակցեցին պարտիզանական պատերազմին և Եվրոպայի ժողովուրդների Դիմադրության շարժմանը։ Վրաստանից 137 հոգի արժանացավ Խորհրդային Միության հերոսի կոչման, 240 000-ը պարգևատրվեց շքանշաններով և մեդալներով, 46 000-ից ավելի աշխատավորներ՝ «Կովկասի պաշտպանության համար» և 333 000-ից ավելին՝ «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ժամանակ աշխատանքային արիության համար» մեդալներով։

Ռիճա լիճը Աբխազական ԻԽՍՀ-ում

Պատերազմի ավարտից անմիջապես հետո սկսվեց ժողովրդական տնտեսության վերականգնումը։ Առաջին տարիներին Վրաստանի տարածքները ընդարձակվեցին՝ ի հաշիվ Ռուսաստանի ԽՖՍՀ-ին պատկանող Հյուսիսային Կովկասի: Ապա զգալի թվով հայեր Վրացական ԽՍՀ հայաբնակ շրջաններից, այդ թվում Ջավախքից, աքսորվեցին Ալթայի երկրամաս և Սիբիր[2]: Էթնիկական զտումները շարունակվեցին նաև հետագայում, մասնավորապես կիրառվելով օսերի ու ադրբեջանցիների հանդեպ։ Ծավալվեց համամիութենական սոցմրցություն՝ 4-րդ հնգամյա պլանը (1946-50) ժամկետից շուտ կատարելու համար։ Վրաստանի արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը 1947 թվականին 12%-ով, իսկ 1950 թվականին 56%-ով գերազանցեց 1940-ի մակարդակը։ 1949 թվականին սկսվեց մանր և թույլ տնտեսությունների միավորումը և խոշորացումը։ Վրաստանի աշխատավորները մեծ օգնություն ցույց տվեցին օկուպացիայից ազատագրված հանրապետություններին։ Ետպատերազմյան առաջին հնգամյակների տարիներին ավարտվեց Ռուսթավիի մետալուրգիական կոմբինատի, Քութայիսի ավտոմոբիլային, Թբիլիսիի լոկոմոտիվաշինական գործարանների կառուցումը, գործարկվեցին Խրամի, Չիտախեվի, Շաորիի, Սուխումի հէկերը, քաղաքների վերածվեցին Տղիբուլին և Տղվարչելին:

8-րդ հնգամյակում (1966-70) Վրաստանում շարք մտան արդյունաբերական 57 նոր խոշոր ձեռնարկություններ, լայնորեն տարածվեց գյուտարարությունը, ներդրվեց 74 000 ռացիոնալիզատորական առաջարկություն (տնտեսվեց 194 միլիոն ռուբլի)։ Վրաստանի կոմկուսի ԿԿ-ի 1972 թվականի սեպտեմբերյան պլենումի որոշումները նպաստեցին 9-րդ հնգամյակի կատարմանը, ապահովեցին ժողովրդական տնտեսության հիմն, ճյուղերի կայուն և արագ զարգացումը։ Վրաստանի կոմկուսի XXV համագումարն ամփոփեց 9-րդ հնգամյակի արդյունքները և նախանշեց 10-րդ հնգամյակի (1976-80) հեռանկարները։

Հնգամյակում ընդհանուր արտադրանքի աճը կազմեց 850 միլիոն ռուբլի։ ժողովրդական տնտեսության հիմն, արտադրական ֆոնդերը աճեցին 1,4 անգամ, աշխատանքի արտադրողականությունը՝ 32%-ով։ Շարք մտավ նոր տեխնիկայով հագեցած 72 խոշոր ձեռնարկություն։ Հանրապետության ազգային եկամուտը աճեց 32% ֊ով, արդյունաբերական ձեռնարկությունների ծավալը՝ 40,1%-ով։ Քաղաքական և աշխատանքային բարձր վերելքի պայմաններում անցան Հոկտեմբերյան հեղափոխության 60-ամյակի տոնակատարությունը և նոր սահմանադրության համաժողովրդական քննարկումը։

1978 թվականի ապրիլի 14-ին ՎԽՍՀ Գերագույն Խորհուրդի VIII արտահերթ նստաշրջանն ընդունեց հանրապետության նոր սահմանադրությունը։ 10-րդ հնգամյակում Վրաստանի աշխատավորները մեծ հաջողությունների հասան ժողովրդական տնտեսության զարգացման գործում։ Հանրապետությունը բոլոր ցուցանիշներով 1979 թվականին արդյունաբերական արտադրանքի տեմպերի աճով դուրս եկավ 3-րդ տեղ, աշխատանքի արտադրողականության աճի և գյուղատնտեսական արտադրանքի ծավալի աճի տեմպերով՝ 2-րդ տեղը և 3-րդ տեղը՝ պետական որականիշով արտադրանքի արտադրությամբ։

Հանրապետությունում հաջողությամբ են իրականացրել 11-րդ հնգամյակի (1980-85) առաջադրանքները։ ՎԽՍՀ պարգևատրվել է Լենինի երեք (1935, 1965, 1983), Հոկտեմբերյան հեղափոխության (1971), Ժողովուրդների բարեկամության (1972) շքանշաններով։

Other Languages
brezhoneg: RSS Jorjia
lietuvių: Gruzijos TSR
latviešu: Gruzijas PSR
Bahasa Melayu: RSS Georgia
srpskohrvatski / српскохрватски: Gruzijska Sovjetska Socijalistička Republika
svenska: Georgiska SSR
удмурт: Грузин ССР