Պոեզիա

Ռաֆայելի «Պառնաս» կտավը․ հայտնի պոետները ասմունքում են «Պառնաս» լեռան գագաթին՝ շրջապատած ինը մուսաներին։

Պոեզիա (ծագում է հին հունարեն poiesis (ποίησις) բառից, որ նշանակում է «ստեղծել»), չափածո ստեղծագործությունների ընդհանրական անվանումը, որի հիմքում լեզվի գեղագիտական այնպիսի առանձնահատկություններն են, ինչպես բարեհնչությունը, հնչիմաստը և ռիթմը։[1][2][3] Պոեզիան ծագման երկար պատմություն ունի, որ կապվում է դեռևս շումերական «Գիլգամեշ» էպոսի հետ։ Վաղ շրջանի պոեզիայի նմուշները ծագել են ժողովրդական երգերից, ինչպես և առհասարակ բանավոր ժողովրդական նմուշներից. այդպես եղավ, օրինակ, չինական «Շիցզինի», Հոմերոսի «Իլիականի» և «Ոդիսականի» դեպքում։ Հին շրջանում պոեզիան բնութագրելու ուղղությամբ կատարված բոլոր փորձերը, ինչպես օրինակ, Արիստոտելի «Պոետիկան», ուղղված էին ճարտասանության մեջ, դրամայում, երգի և կատակերգության մեջ խոսքի կառուցման առանձնահատկությունները վեր հանելուն։ Ավելի ուշ շրջանի ուսումնասիրությունները կենտրոնացան այնպիսի հատկանիշների վրա, ինչպես կրկնությունը, բանաստեղծական ձևը և հանգը, և ընդգծեցին գեղագիտական այնպիսի կողմեր, որոնք զանազանում են պոեզիան շարադրանքի որոշակիորեն տեղեկատվական արձակ ձևերից։ Պոեզիան օգտագործում է ձևեր և հնարքներ՝ ընդգծելու խոսքի հուզականությունը զգացական արձագանք արթնացնելու նպատակով։ Այնպիսի միջոցները, ինչպես համահնչունությունը, ալիտերացիան և ռիթմը, անվանաբանությունը, երբեմն օգտագործվում էին իբրև երաժշտական և հմայական միջոցներ։ Երկիմաստության, խորհրդանշանների, հեգնանքի և այլ ոճական հնարքների կիրառումը չափածո խոսքում առիթ է տալիս բանաստեղծության բազում մեկնաբանությունների։ Խոսքի համանման բաղադրիչները, ինչպես փոխաբերությունը, համեմատությունը, փոխանունությունը[4], ստեղծում են իրարից տարբեր պատկերների անդրադարձը, շերտավորում իմաստները՝ ձևավորելով առնչություններ, որ նախկինում չեն նկատվել։ Այսինքն` ինչ-որ չափով տեղի է ունենում բառի նշանակության փոփոխություն, այն ձեռք է բերում նոր, անուղղակի կամ անսովոր, ավելի լայն կամ նեղ իմաստ, որի հաշվին էլ խոսքն ավելի պատկերավոր է դառնում։ Խոսքի պատկերավորման միջոցների հարազատություն կարող է գոյություն ունենալ չափածո խոսքի անհատական դրսևորումներում՝ նրանց հանգի և ռիթմի մեջ։ Պոեզիայի որոշ ձևեր ու ժանրեր հատուկ են որոշ մշակույթների ու համապատասխանում են այն լեզվի առանձնահատկություններին, որով բանաստեղծը գրում է։ Ընթերցողները հակված էին նույնականացնել պոեզիան Դանթեի, Գյոթեի, Միցկևիչի և Ռումիի հետ, ովքեր ձևավորում են որոշակի ուղղություն պոեզիայում` կիրառելով հանգը և բանաստեղծական կանոնավոր չափը, թեպետ կային նաև այլ ավանդույթներ, ինչպես ասենք հոգևոր պոեզիան, որ օգտագործում էր այլ միջոցներ ռիթմ և բարեհնչունություն ստեղծելու համար։ Ժամանակակից պոեզիան արտացոլում է բանաստեղծական ավանդների քննադատությունը`[5] խաղարկելով և փորձարկելով այն, հաճախ ընդհանրապես հրաժարվելով հանգից և այդպիսով ստեղծելով ռիթմ։[6][7] Մերօրյա զգալիորեն գլոբալիզացված աշխարհում, պոետները հաճախ այլ մշակույթներից և լեզուներից ընդօրինակում են ձևեր, ոճեր և հնարքներ։

Պատմություն

Արիստոտել
Վաղ չինական երկ՝ «Կոնգզի Շիլուն»(孔子詩論), որ վերլուծում է «Շիցզինը»։
Ջոն Քիթս

Որոշ ուսումնասիրողներ հավատացած են, որ բանաստեղծական արվեստը նախորդել է գրին։[8] Մյուսները, այնուամենայնիվ, կարծում են, որ պոեզիան միանշանակորեն չի նախորդել գրին։[9] Պահպանված հնագույն էպոսը՝ «Գիլգամեշը», ձևավորվել է շումերների կողմից մ․թ․ա․ 3-րդ հազարամյակում (Միջերկրական ծով, այժմյան Իրաք), և գրվել է սեպագրերի տեսքով` կավե սալիկների վրա, իսկ ավելի ուշ` պապիրուսի վրա։[10] Մ․ թ․ ա․ 2000 թվականի մի սեպագրի վրա ներկայացվում է ամենամյա ծեսը, թե ինչպես է թագավորը խորհրդանշական ձևով ամուսնանում և կնության առնում Ինաննա (համապատասխանում է բաբելա-ասորեստանյան աստվածուհի Իշտարին) աստվածուհուն` ի նշան պտղաբերության և առատության։ Ենթադրվում է, որ դա աշխարհի ամենահին սիրային բանաստեղծությունն է։ [11][12] Եգիպտական ժողովրդական բանաստեղծության օրինակ է «Սինուհեթի պատմությունը» (Մ․թ․ա․ 1800 թ․)։ Պոեզիայի մեկ այլ հնագույն տեսակ են հունական էպոսները՝ «Իլիականը» և «Ոդիսականը», ավեստերեն գրքերը, Գաթական Ավեստան և Յասնան` Ավեստայի առաջին և կարևորագույն մասը, հռոմեական ազգային էպոսը՝ Վերգիլիոսի «Էնեականը» և հնդկական էպոսը՝ «Ռամայանան» և «Մահաբհարաթան»։ Ժողովրդական պոեզիան, ներառյալ «Ոդիսականը», հնդկական Վեդաները, ի հայտ են գալիս որպես բանաստեղծական ձևեր, որ օգնում են ժողովրդական հիշողության ամրագրմանը և բանավոր հաղորդակցմանը նախապատմական և հնագույն հասարակություններում։[9][13]

Պոեզիայի մի շարք ձևեր զարգացել են ուղղակիորեն ժողովրդական երգերից։ Չինական պոեզիայի պահպանված հնագույն ժողովածուի՝ «Շիցզինի» վաղ օրինակները սկզբնապես երգեր են եղել։ [14]

Հնագույն մտածողների բոլոր ջանքերը՝ որոշակիացնելու, թե ինչն է հստակ պոեզիայի ձևը որոշում կամ թե ինչի հիման վրա է տարբերակվում լավ պոեզիան վատից, սկիզբ դրեցին պոետիկային՝ պոեզիայի գեղագիտության մասին ուսմունքին։[15] Որոշ հնագույն հասարակություններ, ինչպես օրինակ Չինաստանն իր «Շիցզինով», ձևավորեցին բանաստեղծական երկերի կանոններ, որոնք, բացի գեղագիտական կարևորություն ունենալը, նաև ավանդույթ ձևավորեցին։ [16] Վերջերս մտածողները ջանում են տալ սահմանում, որ կարող է պարունակել գրական երկերի ձևային տարբերությունները այն չափով, որքան դրանք առկա են Չոսերի «Քենթերբերյան պատմվածքներում» և Մացուո Բասյոյի «Հյուսիսի արահետներով» հոքուներում, ինչպես նաև բովանդակության մեջ առկա տարբերությունները՝ Թանախ կրոնական պոեզիայի, սիրային պոեզիայի և վանկերգի օրինակով։[17]

Արևմտյան ավանդույթներ

Դասական շրջանի մտածողները առաջարկել են պոեզիայի որակը որոշելու և գնահատելու համար կատարել դասակարգումներ։ Մասնավորապես Արիստոտելի «Պոետիկայի» պահպանված հատվածները ներկայացնում են պոեզիայի երեք ժանր՝ էպիկական պոեմ, կատակերգություն և ողբերգություն, և սահմանում են կանոններ, որոնց համաձայն բնորոշվում է բարձրարժեք պոեզիան յուրաքանչյուր ժանրում՝ հիմք ընդունելով յուրաքանչյուր ժանրի նպատակադրումները։[18] Ուշ շրջանի գեղագետները առանձնացնում են երեք հիմնական ժանր՝ էպիկական, քնարական և դրամատիկական պոեզիա` կատակերգությունը և ողբերգությունը սահմանելով որպես դրամատիկական պոեզիայի ենթաժանրեր։[19]

Արիստոտելի դասակարգումը իսլամական ոսկե դարաշրջանի[20] ընթացքում տիրապետող էր Միջին Արևելքում, ինչպես նաև Եվրոպայում՝ Վերածննդի շրջանում։[21] Հետագայում պոետները և գեղագետները որպես մի հակադիր ձև առանձնացրին պոեզիան արձակից, որը գլխավորապես ընկալվում է իբրև տրամաբանական բացատրությամբ և նեղ պատմողական կառուցվածքի հակվածությամբ գրելաձև։[22]

Սա իհարկե չի նշանակում, որ պոեզիան տրամաբանականության կամ պատումի պակաս ունի, պարզապես պոեզիան փորձում է ներկայացնել գեղեցիկը կամ վեհը՝ առանց տրամաբանական կամ պատմողական մտքերի կիրառմամբ ասելիքը ծանրաբեռնելու։ Անգլիական ռոմատիզմի շրջանի բանաստեղծ Ջոն Կիթսը սա անվանում է փախուստ տրամաբանությունից` հիմք դնելով երևակայության յուրօրինակ տեսության։[23] Այս ռոմանտիկ մոտեցումը դիտում է ձևն իբրև արժեքավոր պոեզիայի մի բանալի, որովհետև ձևը վերացական է և զերծ է հիմնական տեսական տրամաբանությունից։ Նման ընկալումը տիրապետող էր 20-րդ դարում։[24]

Այս շրջանի ընթացքում զգալիորեն շատ էին տարբեր բանաստեղծական ավանդույթների միջև փոխազդեցությունները եվրոպական գաղութականացման և համաշխարհային առևտրի համընթաց աճի շնորհիվ։ [25] Ի լրումն այս ամենի՝ ռոմանտիզմի շրջանում թարգմանական զարթոնքի շնորհիվ բազմաթիվ հնագույն երկեր վերարժևորվեցին։[26]

20-րդ և 21-րդ դարերի բանավեճեր

20-րդ դարում գրականության որոշ տեսաբաններ, ավելի քիչ ուշադրություն դարձնելով արձակի և պոեզիայի հակադրությանը, կենտրոնացան պոետի գործունեության վրա` որպես մեկի, ով ստեղծագործում է՝ օգտագործելով լեզուն, և պոեզիայի վրա՝ որպես ստեղծագործության, որ արարում է պոետը։[27] Պոետի ստեղծագործությունը չի դիտվում իբրև բացառիկ մի բան, իսկ ժամանակակից որոշ պոետներ էլ չեն տեսնում էական տարբերություններ բանաստեղծություն գրելու և ստեղծագործական այլ գործընթացների միջև։ Ժամանակակիցներից շատերը, թեպետ, բնորոշում են պոեզիան որպես չպարզաբանված։[28]

Արչիբալդ Մակլեյշ

20֊րդ դարի առաջին կեսին պոեզիայի ավանդական ձևերից և կառուցվածքներից հրաժարումը համընկավ ավանդական պոեզիայի սահմանման և պոեզիայի ու արձակի տարբերակման հետ կապված հարցադրումների ծագման հետ` առավելապես բանաստեղծական արձակի և արձակ բանաստեղծության առկա օրինակների պարագայում։ Բազմաթիվ Ժամանակակից բանաստեղծներ գրեցին ոչ ավանդական ձևերով կամ այն ձևով, ինչպես ավանդաբար գրվում է արձակը՝ չնայած նրանց գրվածքը հագեցած է բանաստեղծական առոգանությամբ, իսկ հաճախ էլ ոչ տաղաչափական միջոցներով հաստատված ռիթմով և հնչերանգով։ Այդ շրջանում գրական դպրոցների ներսում սկիզբ առավ ձևապաշտական կարևոր շարժում, որն ինչպես ստեղծում և համադրում էր նոր ձևային կառույցներ, այնպես էլ՝ վերակենդանացնում ավելի հին ձևերն ու կառույցները։[29]

Վերջերս հետմոդեռնիզմի շնորհիվ արձակը և պոեզիան սկսեցին դիտվել իբրև տարբեր ամբողջություններ, իսկ պոեզիայի ժանրերի տարբերակումն ընկալվեց իբրև մշակութային «հնություն»։ Մոդեռնիստներից առաջ անցնելով` հետմոդեռնիզմը պոետի ստեղծագործական դերի շեշտադրումն ավելի մեծացրեց՝ ընդգծելով այս առումով նաև ընթերցողի գործոնը (հերմենևտիկա), ինչպես նաև այն բարդ մշակութային շրջանակը, որի սահմաններում ընթերցվում է բանաստեղծությունը։[30] Այսօր ամբողջ աշխարհում պոեզիան հաճախ փոխառում է բանաստեղծական ձևեր և կաղապարներ այլևայլ մշակույթներից և անցյալից` ձևավորելով տարբերակման և դասակարգման այնպիսի նշանակալի փորձեր, որոնք զգալի դեր են ունենում մշակույթի ներսում այնպես, ինչպես արևմտյան չափանիշը։[31]

Վաղ 21-րդ դարի բանաստեղծական ավանդույթները, ըստ երևույթին, շարունակում են խիստ վառ արտահայտված այնպիսի նախորդների ավանդները, ինչպես Ուիթմենը, Էմերսոնը և Վորդսվորթը։ Գրաքննադատ Ջոֆրի Հարթմանը օգտագործել է «անհրաժեշտի անձկություն» արտահայտությունը՝ բնութագրելու հին բանաստեղծական ավանդույթներին ժամանակակիցների արձագանքը որպես «վախեցած լինել, որ բովանդակությունն այլևս զուրկ է ձևից» և հիմնվելով Էմերսոնի կողմից առաջ քաշված փոխաբերության վրա։ Էմերսոնը նկատում է, որ բանաստեղծական կառույցին առնչվող բանավեճի մեջ, որտեղ կամ ձևը, կամ բովանդակությունը կարող են գերակշռել, պարզապես պետք է ասել․ «Բովանդակությունը ձև է պահանջում»։ Սա վիճարկվել է այլ գրականագետների կողմից տարբեր շրջաններում, ինչպես օրինակ, Բլումի, ով 21-րդ դարի վաղ շրջանում ձևի մասին ասում է․ «Այսօր համախոհ բանաստեղծների սերունդը՝ հասուն և պատրաստված գրելու 21-րդ դարի ամերիկյան կարևորագույն բանաստեղծությունը, կարող է դեռ դիտվել իբրև, ինչպես Սթիվենսն է ասել, «մեծ ստվերի վերջին հավելում, ստվեր, որ Էմերսոնինն է»»։[32]։

Other Languages
Afrikaans: Poësie
Alemannisch: Poesie
አማርኛ: ቅኔ
aragonés: Poesía
العربية: شعر (أدب)
অসমীয়া: কবিতা
asturianu: Poesía
Aymar aru: Jarawi
azərbaycanca: Poeziya
تۆرکجه: شعر
башҡортса: Шиғриәт
žemaitėška: Puoezėjė
Bikol Central: Rawitdawit
беларуская: Паэзія
беларуская (тарашкевіца)‎: Паэзія
български: Поезия
भोजपुरी: कबिता
বাংলা: কবিতা
བོད་ཡིག: སྙན་ངག
বিষ্ণুপ্রিয়া মণিপুরী: কবিতা
brezhoneg: Barzhoniezh
bosanski: Poezija
буряад: Уран шүлэг
català: Poesia
Mìng-dĕ̤ng-ngṳ̄:
нохчийн: Поэзи
Cebuano: Balak
کوردی: شیعر
corsu: Puesia
čeština: Poezie
Cymraeg: Barddoniaeth
dansk: Digt
Deutsch: Poesie
Ελληνικά: Ποίηση
English: Poetry
Esperanto: Poezio
español: Poesía
eesti: Luule
euskara: Olerkigintza
estremeñu: Poesia
فارسی: شعر
suomi: Runous
français: Poésie
Frysk: Poëzy
Gaeilge: Filíocht
贛語:
Gàidhlig: Bàrdachd
galego: Poesía
Avañe'ẽ: Ñe'ẽpapa
Gaelg: Feeleeaght
עברית: שירה
हिन्दी: काव्य
Fiji Hindi: Poetry
hrvatski: Poezija
magyar: Költészet
interlingua: Poesia
Bahasa Indonesia: Puisi
Interlingue: Poesie
Igbo: Ábu
Ilokano: Dandaniw
Ido: Poezio
íslenska: Ljóðlist
italiano: Poesia
日本語:
Patois: Puoychri
la .lojban.: pemci
Basa Jawa: Geguritan
ქართული: პოეზია
Qaraqalpaqsha: Poeziya
қазақша: Поэзия
ಕನ್ನಡ: ಕವನ
한국어: 시 (문학)
къарачай-малкъар: Поэзия
kurdî: Helbest
Кыргызча: Поэзия (ыр)
Latina: Poësis
Ladino: Poeziya
Limburgs: Poëzie
lumbaart: Puesia
lietuvių: Poezija
latviešu: Dzeja
मैथिली: काव्य
олык марий: Мурпаша
македонски: Поезија
മലയാളം: കവിത
монгол: Шүлэг
मराठी: कविता
Bahasa Melayu: Puisi
Malti: Poeżija
Nāhuatl: Xochicuicatl
नेपाली: कविता
नेपाल भाषा: चिनाखँ
Nederlands: Poëzie
norsk nynorsk: Dikt
norsk: Poesi
Nouormand: Pouésie
occitan: Poesia
Livvinkarjala: Runohus
Ирон: Поэзи
ਪੰਜਾਬੀ: ਕਵਿਤਾ
Papiamentu: Poesia
Picard: Poésie
polski: Poezja
Piemontèis: Poesìa
پنجابی: شاعری
Ποντιακά: Ποιητικήν
پښتو: شعر
português: Poesia
Runa Simi: Harawi
română: Poezie
русский: Поэзия
русиньскый: Поезія
संस्कृतम्: काव्यम्
Scots: Poetry
srpskohrvatski / српскохрватски: Poezija
සිංහල: කාව්‍යය
Simple English: Poetry
slovenčina: Poézia
slovenščina: Pesništvo
Soomaaliga: Gabay
shqip: Poezia
српски / srpski: Поезија
SiSwati: Bunkondlo
Seeltersk: Dichtenge
Basa Sunda: Sajak
svenska: Poesi
Kiswahili: Ushairi
தமிழ்: கவிதை
తెలుగు: కవి
тоҷикӣ: Назм
Tagalog: Panulaan
Setswana: Poko
Türkçe: Şiir
татарча/tatarça: Шигърият
ئۇيغۇرچە / Uyghurche: شېئىر
українська: Поезія
اردو: نظم
oʻzbekcha/ўзбекча: Sheʼriyat
vepsän kel’: Runoišt
Tiếng Việt: Thơ
West-Vlams: Dichtkunste
Volapük: Poedav
walon: Powezeye
Winaray: Siday
吴语:
მარგალური: პოეტი
ייִדיש: דיכטונג
Yorùbá: Ewì
Vahcuengh: Sei
中文: 诗歌
Bân-lâm-gú: Koa-si
粵語: