Պերիպատետիկյան դպրոց

Արիստոտելի դպրոցը հեղինակ՝ Գուստավ Ադոլֆ Սպանգենբերգ 1880 թ.

Պերիպատետիկները կամ ճեմականները ( հին հուն․՝ περιπατέω, թարգմանաբար՝ ճեմել) Հին Հունաստանի փիլիսոփայական դպրոցի ներկայացուցիչներ են, հանդիսանում են Արիստոտելի հետևորդները։

Պերիպատետիկյան դպրոց անվանումն առաջացել է աթենական Լիկեոնի՝ գիմնազիայի ծառուղում ուսուցումը ճեմելով, զբոսնելով վարելու սովորությունից (այստեղից էլ՝ հայերեն «ճեմարան» տերմինը)։ Նախապես «պերիպատետիկոսներ» ( հին հուն․՝ περιπατητικός) անվանում էին Արիստոտելի անմիջական աշակերտներին, հետագայում՝ նրա փիլիսոփայական ուսմունքի և գիտական տարբեր տեսությունների պաշտպաններին ու տարածողներին։ Պերիպատետիկների շնորհիվ Լիկեոնը շարունակեց մնալ անտիկ աշխարհի խոշորագույն գիտական կենտրոններից և մրցել Պլատոնյան ակադեմիայի հետ։

Պերիպատետիկյան դպրոցն ունեցել է զարգացման մի քանի շրջան և գիտությանը տվել բազմաթիվ ականավոր փիլիսոփաներ ու գիտնականներ՝ Թեոֆրաստոս, Եվդեմոս Հռոդոսցի, Ստրատոն Լամփսակացի (1-ին շրջան՝ մ․ թ․ ա․ 4-1-ին դարեր), Անդրոնիկոս Հռոդոսցի (2-րդ շրջան՝ մ․ թ․ ա․ 1-ին դար), Ալեքսանդր Ափրոդիզիացի (3-րդ շրջան՝ մ․ թ․ 2-3-րդ դարեր) և ուրիշներ։ Պերիպատետիկյան դպրոցը գոյատևել է անտիկ շրջանի ողջ ընթացքում՝ ընդհուպ մինչև վաղ միջնադար և նպաստել հունական ու հռոմեական փիլիսոփայության, մասնավորապես ստոիցիզմի, էկլեկտիզմի և նեոպլատոնականության ձևավորմանը։

Հայ իրականության մեջ Պերիպատետիկյան դպրոցի ազդեցությունը Ալեքսանդրյան նեոպլատոնական դպրոցի միջոցով կրել է Դավիթ Անհաղթը։ Պերիպատետիզմի նշանավոր հուշարձան է միայն հայերենով պահպանված «Անանուն մեկնութիուն Ստորոգութեանցն Արիստոտէլի» աշխատությունը, որը թարգմանվել է 6-րդ դարում (հրտ․ 1961) և բարերար ազդեցություն ունեցել միջնադարի հայ իմացաբանական ու տրամաբանական մտքի զարգացման վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  ( հ․ 9, էջ 273 CC-BY-SA-icon-80x15.png
Other Languages