Հորոսկոպ

Ժամանակակից հորոսկոպի օրինակ:

Հորոսկոպ (հունարեն՝ ώρα՝ ժամ, ժամանակահատված, ժամկետ և σκοπός՝ հսկիչ, դիտող, բառացիորեն՝ "իր ժամը հսկող", հայերեն՝ ժամադիտակ, նաև ռադիքս լատիներեն radix՝ արմատ)՝ աստղագուշակության մեջ մոլորակների, լուսատուների և այլ երկնային մարմինների դիրքերի արտապատկերումը խավարածրի վրա ժամանակի տվյալ պահի և աշխարհագրական տվյալ վայրի նկատմամբ։ Ժամանակակից աստղագուշակության մեջ հորոսկոպ է կոչվում որոշակի ժամանակահատվածում երկնային քարտեզի ոճավորված գծապատկերը, այդ գծապատկերը գերազանցապես երկրակենտրոն է, չնայած կան նաև այնպիսի ուղղություններ, որոնք կիրառում են են արևակենտրոն համակարգը։ Հին շրջանի աստղագուշակները, սակայն, հորոսկոպ էին անվանում ասցենդենտը, կամ այն նշանը, որի մեջ նա գտնվում էր/այսպես կոչված ելնող կամ ծագող նշանը/, այսինքն երկնակամարի մի փոքր հատված, որը տվյալ պահին հորիզոնից վեր էր բարձրանում։ Կ.Պտղոմեոսը իր Թեթրաբիբլոսում գրում է. "Որոշ գիտնականներ, սակայն, օգտագործում են իգական և արական նշանների այնպիսի հերթականություն, որի դեպքում առաջին արական նշանը համապատասխանում է ելնող նշանին, որն անվանվում է հորոսկոպ":

Հորոսկոպի կառուցումը

Կենդանակերպի նշանների գծապատկերը:

Տեսականորեն հնարավոր է հորոսկոպ ստեղծել ցանկացած իրադարձության համար, եթե հայտնի է երբ և որտեղ է այն տեղի ունեցել։ Հորոսկոպի կառուցումը սկսվում է կոսմոգրամմայի լրացումով, որն իրենից ներկայացնում է մոլորակների և լուսատուների արտապատկերումը էկլիպտիկայի վրա, որոնց կոորդինատները իրենց էկլիպտիկ երկայնություններն են՝ անկյունային աստիճաններով արտահայտված։ Ժամանակակից աստղագուշակության մեջ էկլիպտիկան գերազանցապես պատկերվում է 12 հավասար մասերի բաժանված շրջանագծի տեսքով, որը կազմում է այսպես կոչված արևադարձային կենդանակերպը։ Արևմտյան աստղագուշակության մեջ էկլիպտիկայի սկիզբն է համարվում գարնանային գիշերահավասարի կետը, որից սկսվում է կենդանակերպի առաջին նշանը՝ Խոյը։ Կենդանակերպի նշանները հավասարապես բաժանվում են 30 աստիճանի՝ Խոյ /0°-30°/, Ցուլ /30°-60°/, Երկվորյակներ /60°-90°/ և այլն։ Այդպիսով երկնակամարի բոլոր մարմինները հայտնվում են էկլիպտիկայի որոշակի հատվածում՝ զբաղեցնելով որոշակի կենդանակերպի նշան։ Մոլորակների դիրքերը կենդանակերպի նշաններում և նրանց փոխհարաբերությունները՝ հայեցողությունները կամ ասպեկտները կազմում են կոսմոգրամմայի պատկերը։ Միևնույն ժամի և տարբեր աշխարհագրական վայրերի համար կազմված կոսմոգրամաները տարբերվում են գերազանցապես Լուսնի դիրքով, քանի որ այն առավել արագաշարժ երկնային մարմին է։ Այս պատճառով կոսմոգրամման ընդհանրական է, այն հնարավորություն է տալիս որոշելու տվյալ անհատի խառնվածքն ու բնավորության գծերը, որը կարևոր, բայց ոչ բավարար պայման է նրա կյանքին ու զարգացմանը բնորոշ առանձնահատկությունները նկարագրելու համար։ Երկնակամարի դիրքը ժամանակի տվյալ պահի և տվյալ աշխարհագրական վայրի նկատմամբ բնութագրելու համար կոսմոգրամմայի վրա նշվում են էկլիպտիկայի և հորիզոնի ու երկնային միջօրեականի հատման կետերը։ Դրանք 4 են և կազմում են հորոսկոպի անկյունները՝ ASC ու DSC՝ ելնող և մայր մտնող երկնակամարի հատվածները և MC ու IC՝ երկնակամարի կենտրոնն ու "հատակը" կամ խորությունը։ Այս 4 հատվածները տարբեր եղանակներով բաժանվում են ևս 3 մասի՝ առաջացնելով 12 աստղագուշակական տուն: Աստղագուշակական տները չափազանց կարևոր դեր ունեն հորոսկոպի վերլուծության ժամանակ, քանի որ նրանք հնարավորություն են տալիս անհատականացնել կոսմոգրամման, ուսումնասիրելով անհատի ճակատագրական իրադարձությունների բնութագիրն ու ժամկետները։ Հին աստղագուշակները հորոսկոպ էին անվանում առաջին աստղագուշակական տունը, որը սկսվում էր ասցենդենտից՝ երկնակամարի ելնող հատվածից, դրանով իսկ կարևորելով ծննդյան պահի նշանակությունը, որից կախված էր անհատի կյանքի տևողությունն ու հաջողակությունը։ Այսպիսով նույն վայրում միևնույն օրվա տարբեր ժամանակահատվածներում ծնված անհատների հորոսկոպները էապես տարբեր են, մնանապես՝ իրարից տարբերվում են միևնույն ժամանակ բայց տարբեր աշխարհամասերում ծնված անհատների հորոսկոպները, որը և արտահայտվում է անհատականության ու ճակատագրերի բազմազանության մեջ։

Other Languages
беларуская: Гараскоп
български: Хороскоп
भोजपुरी: कुंडली
bosanski: Horoskop
català: Horòscop
čeština: Horoskop
Чӑвашла: Гороскоп
dansk: Horoskop
Deutsch: Horoskop
English: Horoscope
Esperanto: Horoskopo
español: Horóscopo
eesti: Horoskoop
euskara: Horoskopo
فارسی: زایچه
עברית: הורוסקופ
हिन्दी: कुण्डली
hrvatski: Horoskop
magyar: Horoszkóp
Bahasa Indonesia: Horoskop
italiano: Oroscopo
ქართული: ჰოროსკოპი
қазақша: Гороскоп
한국어: 천궁도
lietuvių: Horoskopas
македонски: Хороскоп
മലയാളം: ജാതകം
मराठी: कुंडली
Bahasa Melayu: Horoskop
Malti: Oroskopju
Nederlands: Horoscoop
norsk: Horoskop
polski: Horoskop
português: Horóscopo
română: Astrogramă
русский: Гороскоп
srpskohrvatski / српскохрватски: Horoskop
slovenčina: Horoskop
shqip: Horoskopi
српски / srpski: Хороскоп
svenska: Horoskop
українська: Гороскоп
اردو: زائچہ
中文: 天宫图