Հարսանիք

Հարսանիք ամուսնությունը վավերացնող ծիսակատարություն։

Հարսանիքի հայկական ավանդույթներ

Հարսանիքի զարգացման վաղ՝ մայրիշխանության շրջանում կատարվել է պարզ արարողություններով։ Որպես ամուսնության սովորութային ձևակերպում զարգացել է հայրիշխանության ընթացքում, երբ հաստատվել է մենամուսնությունը, որն արտահայտվել է կնոջ բնակությամբ ամուսնու տանը։ Ամուսնական արարողությունների շարքի հիմնական առանձնահատկությունը ծնողների տնից ամուսնու տուն տեղափոխվելու թատերականացված արտահայտությունն է։ Հարսանիքը, որպես կանոն, ուղեկցվում է խնջույքներով, նվերների փոխանակությամբ, երգ ու պարով և այլ զվարճություններով։ Հարսանիքին մասնակցում են փեսայի և հարսի ազգականները, մերձավորները, ծիսակարգի համար սահմանված հատուկ անձինք ( խնամախոսներ, խնամիներ, կնքահայր, հարսնեղբայր, հարսնաքույր, խաչեղբայր, քահանա, քավոր և այլն)։

Ծիսակարգ

Հայաստանի ազգագրական յուրաքանչյուր շրջան ունեցել է իրեն հատուկ հարսանեկան ծիսակարգ, որի մեջ առանձնացել են գրեթե բոլոր շրջանների համար ընդհանուր շատ արարողություններ։ Հարսանիքները կատարվել են հիմնականում աշնանը՝ գյուղատնտեսական աշխատանքներից հետո և տևել են 3-7 օր։ Գերադասել են սկսել հինգշաբթի կամ ուրբաթ և ավարտել կիրակի։

Հարսանեկան բուն նախապատրաստություններ

Հարսանեկան բուն նախապատրաստություններն սկսվել են հարսին լողացնելու արարողությամբ, որը ուղեկցվել է երգ ու պարով։ Փեսային լողացրել են առանց հանդիսավորության, բայց սափրելու և մազերը կտրելու արարողությունը, որին մասնակցել են ազգականներն ու շքախմբի անդամները ( մակարներ, եղբայրներ, պահապան երիտասարդներ), կատարվել է շուքով։ Փեսայի տանը, տարեց ազգականների ներկայությամբ բացել են գինու կարասները և լցրել ամանների մեջ։ Այդ ընթացքում տղայի հայրը գերեզմանատանը տերտերին օրհնել է տվել նախնիների ու հարազատների գերեզմանները, իսկ փեսան այցելել է հարսնացուի ազգականներին՝ այդ տարի մահացածների ընտանիքներից հարսանիքի թույլտվություն ստանալու։ Միևնույն օրը թե՛ հարսի, թե՛ փեսայի տանը պատրաստել են հարսի նստելու տեղը, որը հարսի տանը շրջափակվել է խորհրդավոր նախշակարերով, աչքի ուլունքներով, թալիսմաններով զարդարված վարագույրով։ Երեկոյան կատարվել է «հինադրեքը»: Հաց ու գաթա թխելուն մասնակցել են կանայք ու աղջիկներ՝ երգ ու պարի ուղեկցությամբ։ Առավոտյան փեսայի տան կտուրից զուռնան կանչի եղանակով ազդարարել է հարսանիքի սկիզբը։ Հյուրերի հավաքվելուց հետո քավորն ու փեսան, մակարներով շրջապատված, նվագի ներքո սկսել են մսացու եզը մորթելու արարողությունը։ Քավորն արյան մեջ թաթախած մատով փեսայի ճակատին խաչ է քաշել, մի փականք բանալիով կողպել արյան մեջ, ապա արյունոտած թելը հանգուցել և դանակը մտցնելով արյան մեջ՝ դրել է պատյանը (իբր՝ փեսային չար ոգիներից զերծ պահելու համար)։ Այնուհետև հանդիսավորությամբ հագցրել են փեսայի զգեստները, կապել դաշույնը: Շատ տեղերում քավորը փեսային սպիտակ, կանաչ թաշկինակներով ուսկապ («ուսբանդ») է կապել։ Գլխարկի վրա ամրացրել են թաշկինակներ կամ ժապավեններ, առջևի մասում՝ աքաղաղի երկու փետուր ու կանաչ, կարմիր բրդե թելերով զարդարված փայտիկ։ Կեսօրին կամ երեկոյան գնացել են հարսի հետևից։ Մակարներով շրջապատված փեսայի աջ կողմում կանգնել է քավորը, ձախում՝ փեսախպերը, հետևում՝ պարողների խումբը։ Մակարներից մեկը մատուցարանով տարել է հարսի հագուստները։ Հաջորդ առավոտյան, հարսին հագցնելիս, քավորը, վերցնելով գոտին ու գոգնոցը, 3 անգամ պտտվել է հարսի շուրջը, ապա կապել ու թիկունքին խփելով՝ մաղթել տղա ունենալ։ Քավորկինը ծածկել է հարսին մեծ ծածկոցով, իսկ երեխաներ ունեցող և երջանիկ համարվող ամուսնական մի զույգ բռնել է հարսի ձեռքը և կանգնեցրել փեսայի կողքին։ Ճանապարհ ընկնելուց առաջ նորապսակները, ի նշան հարգանքի, համբուրել են թոնրի շուրթը, հրաժեշտ տվել ծնողներին, բարեկամներին ու հարևաններին։ Այնուհետև հարսանքավորները երգելով, պարելով, ծափ ու աղմուկով, կրակելով ու ուրախության բացականչություններով գնացել են եկեղեցի, ուր մակարները հսկել են, որ չարակամ մարդիկ չխանգարեն պսակադրությանը։ Պսակից հետո պսակադիրը գունավոր թելերից նարոտ է կապել հարսի ու թագավորի վզին և մոմով ամրացրել։ Ապա ուրիշ ճանապարհով գնացել են փեսայի հայրական տուն (Զանգեզուրում և Արցախում վերադարձել են աղջկա հոր տուն և հարսին կրկին նստեցրել վարագույրի հետևը)։

Հարսանիքի ղեկավար

Հարսանիքը ղեկավարել է մասնակիցների ընտրած սեղանապետը (թամադան), որին օգնել է օգնականը (կենացները ծաղկեցնողը)։ Սովորաբար միմյանց հետ գժտված անձանց հարսանիքներում հաշտեցրել են։ Տղայի մայրը հարսի ուսին հաց փռելով՝ համբուրել է երկուսի ճակատը և քաղցրավենիք լցրել նրանց գլխին։ Հարսանքավորներն ստիպել են սկեսրոջն ու սկեսրայրին կոխի բռնվել. ձևականորեն հաղթել է կինը (խորհրդանշել է մայրիշխանության երբեմնի գոյությունը)։ Մուտքի մոտ քավորը թուրը պահել է նորապսակների գլխավերևում, իսկ նրանք, կոտրելով ոտքերի տակ նախապես դրված ափսեները, իբր իրենց ապահովել են չարքերից։ Մինչ տեղի են ունեցել հարսին ընդունելու արարողությունները, հայրական տնից բերած վարագույրը կապել են հատկացված անկյունում և հարսին տարել վարագույրի հետև, ուր նա հավաքված երեխաներին նվերներ տալուց հետո՝ գրկել է ամենափոքր տղային, որպեսզի արու առաջնեկ ունենա։ Նորապսակները համբուրել են նոր օջախի թոնրի շուրթը։ Ճաշկերույթի ընթացքում խմել են 3-7 պարտադիր կենաց (նախնիների հիշատակ, ծնողների, զույգերի, քավորի, մնացած հարազատների), որից հետո հյուրերը հանձնել են նվերները (դրամ, արժեքավոր իրեր)։ Խնջույքին զուգահեռ մինչև առավոտ պարել են խմբապարեր ( շուրջպարեր, այդ թվում՝ հարսանիքի ծիսական պարեր)։ Հարսի ու փեսայի պարից (մոմերով պար) հետո հարսանիքը համարվել է ավարտված։ Շատ շրջաններում հարսանիքը ավարտվել է մակարների խնջույքով ( «հավթռուք»)։ Երեկոյան ժամերգությունից հետո տերտերը քանդել է նարոտը, բացել փականքը, դանակը հանել պատյանից և զույգին առագաստ մտնելու իրավունք տվել։ Ուրախ հարսանիքը համարվել է երջանիկ կյանքի սկիզբ։ Հարսանիքին ուղեկցող մի շարք արարողություններ շարունակվել են գրեթե մեկ տարի, մինչև առաջնեկի ծնվելը։

Other Languages
aragonés: Voda
العربية: زفاف
asturianu: Boda
azərbaycanca: Toy
Boarisch: Boarische Hozad
беларуская: Вяселле
беларуская (тарашкевіца)‎: Вясельле
български: Сватба
brezhoneg: Eured
буряад: Хурим түрэ
català: Casament
čeština: Svatba
Чӑвашла: Туй
dansk: Bryllup
English: Wedding
Esperanto: Nupto
español: Boda
euskara: Eztei
فارسی: عروسی
suomi: Häät
français: Noces
Frysk: Brulloft
Gaeilge: Bainis
Gàidhlig: Banais
galego: Voda
客家語/Hak-kâ-ngî: Fûn-lî
עברית: חתונה
hrvatski: Vjenčanje
magyar: Esküvő
Bahasa Indonesia: Pernikahan
íslenska: Gifting
italiano: Nozze
日本語: 結婚式
қазақша: Үйлену тойы
한국어: 결혼식
Latina: Nuptiae
lietuvių: Vestuvės
latviešu: Kāzas
македонски: Свадба
монгол: Гэрлэлт
кырык мары: Сӱӓн
Bahasa Melayu: Nikah
မြန်မာဘာသာ: ထိမ်းမြားမင်္ဂလာ
مازِرونی: ویلاج
Nederlands: Bruiloft
norsk nynorsk: Vigsel
norsk: Bryllup
Nouormand: Neuche
Livvinkarjala: Svuad'bu
polski: Ślub
português: Boda
română: Nuntă
русский: Свадьба
Scots: Waddin
سنڌي: وھانءُ
srpskohrvatski / српскохрватски: Vjenčanje
Simple English: Wedding
slovenčina: Sobáš
slovenščina: Poroka
chiShona: Muchato
Soomaaliga: Aroos
српски / srpski: Венчање
svenska: Bröllop
Kiswahili: Harusi
Tagalog: Kasalan
Setswana: Wedding
Türkçe: Nikâh
татарча/tatarça: Туй
українська: Весілля
oʻzbekcha/ўзбекча: Nikoh toʻyi
Tiếng Việt: Lễ cưới
walon: Noice
ייִדיש: חתונה
中文: 婚礼
粵語: 婚禮