Հայոց ցեղասպանություն

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հայոց ցեղասպանություն (այլ կիրառումներ)
Exquisite-kmix.png
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (25.05.2016) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)

Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն (թուրք.՝ Ermeni Soykırımı, անգլ.՝ Armenian Genocide, ֆր.՝ Génocide arménien), Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն[1][2], որի արդյունքում 1915-1923 թվականներին[3][4][5][6] զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական (հայ գործիչների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում շարունակվեցին նաև ապրիլի 24-ից հետո)։

Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք[7]:

Հայերի ցեղասպանությունն իրականացվում էր մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տեղահանություն սահմանամերձ շրջաններից, Տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն։ Որոշ պատմաբաններ ցեղասպանական գործողություններ և, դրանից ելնելով, Հայոց ցեղասպանության մաս են համարում 1890-ական թվականների Համիդյան կոտորածները, Զմյուռնիայի ջարդերը և թուրքական զորքերի գործողությունները Անդրկովկասում 1918 թվականին։

Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն են երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։ Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը։

Հայկական Սփյուռքի մեծ մասն առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից։

Օսմանյան կայսրությունում հայերի[8][9][10] և նացիստական Գերմանիայի կողմից բռնազավթված տարածքներում հրեաների զանգվածային ոչնչացումը բնութագրելու համար «ցեղասպանություն» եզրույթը ժամանակին առաջարկել է հենց եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինը։

Հոլոքոստից հետո հայերի ցեղասպանությունը պատմության մեջ իր ուսումնասիրվածությամբ համարվում է երկրորդը[11]:

1915 թվականի մայիսի 24-ի համատեղ հռչակագրում պատմության մեջ առաջին անգամ դաշնակից երկրները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Ռուսական կայսրություն) հայերի զանգվածային սպանությունները որակեցին իբրև «հանցագործություն մարդկության հանդեպ»[12][13][14]:

Օսմանյան կայսրության բնակչություն և եզրութաբանություն

Հայ բնակչության տեղաբաշխվածությունը Օսմանյան կայսրության արևելյան շրջաններում (Արևմտյան Հայաստան) 1896 թվականին

19-րդ դարի վերջին Օսմանյան կայսրության բնակչությունը էթնիկ առումով բազմազգ էր։ Դրա մեջ մտնում էին մի քանի մուսուլմանական էթնոսներ՝ թուրքեր, քրդեր, արաբներ, չերքեզներ, և Հյուսիսային Կովկասից ու այլ տեղերից վերաբնակեցվածներ։ Քրիստոնեադավան էթնոսների մեջ առանձնանում էին հայերը, հույները, բուլղարները և այլք։ Օսմանյան կայսրությունում ապրում էին նաև հրեաներ և այլ ժողովուրդներ։

Օսմանյան կայսրության անկմանը նախորդող ժամանակաշրջանում մուսուլմանական բնակչության նույնականացման համար, եթե դրանք որոշակի էթնիկ խմբեր էին (ինչպես, օրինակ, քրդական քոչվոր ցեղերը), օգտագործվում էին «մուսուլմաններ» կամ «օսմաններ» եզրույթները, չնայած լայն իմաստով «օսմաններ» կարելի է անվանել նաև օսմանահպատակ հայերին։ Նախքան Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը կայսրության պետական մարմինները բնութագրելու համար հիմնականում օգտագործվում էին «օտտոմանյան» կամ «օսմանյան» եզրույթները, ավելի հազվադեպ՝ «թուրքական», չնայած սա ընդունված անվանում է ռուսական պատմագրության մեջ (օրինակ՝ Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)

Հայերի սպանություններում մասնակցություն ունեին շատ մուսուլմանական էթնոսներ, այդ թվում՝ քրդերը և չերքեզները, բայց այս գործողությունները կատարվում էին հիմնականում թուրք պաշտոնյաների կարգադրությամբ[Ն 1][15]:

Other Languages
العربية: مذابح الأرمن
беларуская: Генацыд армян
Esperanto: Armena genocido
hornjoserbsce: Genocid Armenjanow
Bahasa Indonesia: Genosida Armenia
Basa Jawa: Genosida Armenia
Lëtzebuergesch: Armenesche Vëlkermuerd
македонски: Ерменски геноцид
Bahasa Melayu: Genosid Armenia
Nederlands: Armeense genocide
srpskohrvatski / српскохрватски: Armenski genocid
Simple English: Armenian Genocide
slovenščina: Armenski genocid
татарча/tatarça: Ärmännär genotsidı
українська: Геноцид вірмен
Tiếng Việt: Diệt chủng Armenia