Ծաղրասարյակ սպանելը (վեպ)

Picto infobox book.png
Ծաղրասարյակ սպանելը
To Kill a Mockingbird
Ծաղրասարյակ սպանելը.JPG
ՀեղինակՀարփըր Լի
Տեսակվեպ
Ժանրsocial novel
Բնօրինակ լեզուանգլերեն
ԵրկիրFlag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հրատարակման տարեթիվհուլիսի 11, 1960
Պարգև(ներ)Պուլիտցերյան մրցանակ գեղարվեստական արձակի բնագավառում

«Ծաղրասարյակ սպանելը» (անգլ.՝ To Kill a Mockingbird, վերնագրի՝ հայերեն այլ թարգմանությամբ «Սարյակ մի սպանիր ...»), ամերիկացի գրող Հարփըր Լիի վեպ։ Հրատարակվել է 1960 թ.։ Այն միանգամից մեծ հաջողություն ունեցավ և 1961 թ. արժանացավ Պուլիտցերյան մրցանակի։ Վեպը համարվում է ամերիկյան գրականության լավագույն ստեղծագործություններից մեկը, ներառված է ամերիկյան դպրոցների կրթական ծրագրերում։ Սյուժեն և կերպարները հիմնված են հեղինակի ընտանիքի և նրա հարևանների կյանքի հիշատակումների վրա, ինչպես նաև այն իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել 1936-ին նրա ծննդավայրում, երբ նա 10 տարեկան էր:

Վեպը հայտնի է իր ջերմությամբ և հումորով, չնայած արտացոլում է այնպիսի լուրջ խնդիրներ, ինչպիսի եք բռնաբարությունը և ռասայականությունը: Պատմողի հայրը՝ Ատիքըս Ֆինչը, շատ ընթերցողների համար տիպիկ բարոյական հերոս է, ով արտացոլում է իրավաբանների համահավաք կերպարը:[1]

Որպես հարավային գոթական և դաստիարակչական վեպ «Ծաղրասարյակ սպանելը» ներկայացնում է ռասայականության անարդարությունը և անմեղության ոչնչացումը: Գիտնականները նշում են, որ Լին արծարծում է նաև մի շարք այլ կարևոր հարցեր՝ դասային, խիզախության, կարեկցանքի, գենդերային անհավասարության, որոնք բնորոշ են Ամերիկայի հարավին: Վեպը խորապես ուսուցանվում է ամերիկյան դպրոցներում դասընթացների միջոցով, որոնք սերմանում են հանդուրժողականություն և պայքար նախապաշարմունքների դեմ: Չնայած արծարծած թեմաների՝ գիրքը հաճախ ամերիկյան դասագրքերից հանվելու է ներկայացվել այն պատճառով, որ պարունակում է ռասայական անընդունելի մակդիրներ:

Վերաբերմունքը գրքին խորապես տարբերվում է՝ կախված հրատարակությունից: Հեղինակ Մերի Մըք Դոնա Մըրֆին, հավաքագրելով մի շարք հեղինակների և հանրային դեպքերի կարծիքները «Ծաղրասարյակ սպանելը» վեպի շուրջ, գիրքն անվանել է «ապշեցուցիչ ֆենոմեն»:[2] 2006-ին բրիտանացի գրադարանավարները համարում էին, որ սա Աստվածաշնչից հետո այն գիրքն է, որը յուրաքանչյուր չափահաս մարդ պետք է ընթերցի նախքան մահանալը: Վեպի հիման վրա 1962 թ.-ին ռեժիսոր Ռոբերտ Միլիգան նկարահանվեց համանուն ֆիլմ, որը արժանավել է երեք Օսկարի:

«Ծաղրասարյակ սպանելը» Հարփըր Լիի հրատարակած միակ գիրքն էր, նախքան «Գնա՛, պահակ կանգնի՛ր»-ը, որը «Ծաղրասարյակ սպանելը» վեպի նախնական տարբերակն է: Այն լույս տեսավ 2015 թ.-ի հուլիսի 14-ին: Լին շարունակում էր հարստացնել իր գործերի թիվը նախքան իր մահը՝ 2016-ի փետրվարը, չնայած այն փաստին, որ 1964-ից հրաժարվել էր անձնական գործերի ցանկացած հրատարակությունից:

Վեպը հայերեն թարգմանվել է երկու անգամ՝ ռուսերեն թարգմանությունից (հրատարակվել է 1965 թ.[3]) և անգլերենից (հրատարակվել է 2015-ին[4][5]

Ընդհանուր սյուժեն

Վեպի գործողությունները տեղի են ունենում 1933-1935 թթ. Մեծ ճգնաժամի տարիներին Ալաբամա նահանգի մտացածին «հոգնած հին քաղաքում»՝ Մեյքոմում: Վեպի գլխավոր հերոսուհին Ջին Լուիզ Ֆինչն (Սրաչուկ) է, ով ապրում է իր մեծ եղբոր՝ Ջիմի և այրիացած հոր՝ Աթիքըսի հետ, ով միջին տարիքի իրավաբան է: Ջիմն ու Սրաչուկը ընկերանում են մի տղայի հետ, որի անունը Դիլ էր, ով ամեն ամառ իր հորաքրոջ հետ այցելում է Մեյքոմ: Երեք երեխաները վախեցած և ահաբեկված են իրենց մեկուսացած հարևանից՝ Արթուր «Բոբո» Ռադլիից: Մեյքոմի մեծահասակները անվստահությամբ են խոսում տղայի մասին, իսկ շատերը նրան տարիներով չեն տեսել: Երեխաները լրացնում են մեկը մյուսի պատկերացումները՝ կապված տղայի արտաքինի, նրա փակված լինելու պատճառների մասին, ասեկոսեներով և նրանց հասած տարբեր շշուկներով և պարբերաբար նոր միջոցներ են երևակայում՝ տնից նրան դուրս հանելու: Դիլի հետ երկու ամառ ընկերակցելուց հետո Ջիմը և Սրաչուկը նկատում են, որ Ռադլիների տան մոտակայքում գտնվող ծառի փչակում իրենց համար մշտապես նվերներ են հայտնվում: Մի քանի անգամ խորհրդավոր Բոբոն մտերմության տարբեր ակնարկներ է անում, սակայն, երեխաներին՝ ոչ մի անգամ նրանց աչքին անձամբ չի երևում:

Դատավոր Թեյլըրը Աթիքըսին նշանակում է Թոմ Ռոբինսընի պաշտպանյալ՝ մի սևամորթ տղամարդու, ով մեղադրվում է երիտասարդ սպիտակամորթ աղջկան՝ Մեյալա Յուըլին, բռնաբարելու մեջ: Չնայած մի շարք մեյքոմցիների անհամաձայնությանը՝ Աթիքըսը համաձայնեց պաշտպանել Թոմին՝ պատրաստ լինելով՝ անելու անհնարինը: Աթիքըսի գործողությունների պատճառով մյուս երեխաները անընդհատ ծաղրում են Ջիմին ու Սրաչուկին՝ նրանց հորն անվանելով «նեգրասեր»: Սրաչուկը մշտապես փորձում է պաշտպանել հոր պատիվը, չնայած որ վերջինիս խոստանում է զերծ մնալ վիճաբանություններից: Աթիքըսը առերեսվում է մի խումբ մարդկանց, ովքեր փորձում են հաշվեհարդար տեսնել Թոմի հետ: Վտանգը կանխվում է այն ժամանակ, երբ Սրաչուկը, Ջիմը և Դիլը ամաչեցնում են ամբոխին այն աստիճան, որ այն ցրվում է՝ ստիպելով հավաքվածներին նայել դեպքերին Աթիքըսի և Թոմի տեսանկյունից:

Աթիքըսը չէր ուզում, որ երեխաները ներկա գտնվեն Թոմի դատավարությանը: Հիմնական հարթակում ոչ մի տեղ չկար. այդ պատճառով Վերապատվելի Սայքսի առաջարկությամբ Ջիմը, Դիլը և Սրաչուկը դիտում են այն գունավոր հարթակից: Աթիքըսը պարզում է, որ տուժողներ Մեյալա և Բոբ Յուըլները, ով հայտնի հարբեցող էր քաղաքում, ստում են: Նաև պարզ է դառնում, որ ընկերներ չունեցող Մեյալան սեռական ոտնձգություններ է կատարել Թոմի նկատմամբ, և նրա հայրը, տեսնելով այդ ամենը, ծեծի է ենթարկել նրան: Չնայած Թոմի անմեղության ակնհայտ ապացույցների՝ ատենակալները մեղադրում են վերջինիս: Ջիմի, ինչպես նաև Աթիքըսի՝ արդարության նկատմամբ հավատը մարում է, երբ բանտում գտնվող Թոմը փախուստի փորձ կատարելիս սպանվում է:

Չնայած Թոմը մեղավոր ճանաչվեց, այնուամենայնիվ Աթիքըսի փաստերը այնքան վառ էին, որ Բոբ Յուըլը դատավարության ողջ ընթացքում նվաստանում է՝ կորցնելով վստահության վերջին ծվենը: Յուըլը խոստանում է վրեժ լուծել. նա թքում է Աթիքըսի դեմքին, փորձում է ներխուժել դատավորի տուն, սպառնում է Թոմի այրուն, և վերջապես, հարձակվում է անպաշտպան Ջիմի ու Սրաչուկի վրա, ովքեր մութ գիշերով տուն էին վերադառնում Հելոուինյան տոնահանդեսից հետո: Պայքարի ընթացքում Ջիմի թևը կոտրվում է, բայց խառնաշփոթի ժամանակ ինչ-որ մեկը հայտնվում և փրկում է երեխաներին: Խորհրդավոր տղան Ջիմին տանում է տուն, որտեղ Սրաչուկը պարզում է, որ այն Բոբո Ռադլին է:

Շերիֆ Թեյթը ժամանում և բացահայտում է, որ կռվի ընթացքում մահացել է Բոբ Յուըլը: Աթիքըսը և Թեյթը վիճում են այն բանի շուրջ, թե ով է իրականում սպանել Յուըլին. Աթիքըսը կարծում էր, որ մահվան համար պատասխանատու է Ջիմը, մինչդեռ Թեյթը կարծում էր, որ պատասխանատուն Բոբո Ռադլին է: Աթիքըսը ի վերջո ընդունում է շերիֆի պատմությունը և ընդունում է, որ Յուըլը պարզապես ընկել է սեփական դանակի վրա և մահացել: Բոբոն խնդրում է Սրաչուկին իրեն ուղեկցել մինչև տուն, որտեղ նա, ցտեսություն ասելով, կրկին անհետանում է: Կանգնելով Ռադլիների մուտքի մոտ՝ Սրաչուկը պատկեարցնում է կյանքը Բոբոյի տեսանկյունից և զղջում է, որ նրանք երբևէ չեն փոխհատուցել իրենց տրված նվերների համար, որոնք Բոբոն թողնում էր ծառի փչակում:

Other Languages
azərbaycanca: Bülbülü öldürmək
Bahasa Indonesia: To Kill a Mockingbird
srpskohrvatski / српскохрватски: Ubiti pticu rugalicu
Simple English: To Kill a Mockingbird
svenska: Dödssynden
Tiếng Việt: Giết con chim nhại