Դաշտ (ֆիզիկա)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Դաշտ (այլ կիրառումներ)
Էլեկտրական դաշտը պատկերող նկար դրական (կարմիր) և բացասական (կապույտ) լիցքերով

Դաշտ ֆիզիկայում, ֆիզիկական մեծություն, որը տարածության և ժամանակի յուրաքանչյուր կետում ունի որոշակի արժեք[1][2][3]։

Ֆիզիկական դաշտի օրինակ են էլեկտրամագնիսական և գրավիտացիոն դաշտերը, միջուկային ուժերի դաշտերը, տարրական մասնիկների ալիքային (քվանտացած) դաշտերը։

«Դաշտ» հասկացությունը, որ մուծել են Մայքլ Ֆարադեյը և Ջեյմս Մաքսվելը (XIX դ․ 30-60-ական թթ․)՝ էլեկտրական և մագնիսական ուժերի գործողության մեխանիզմը նկարագրելու համար, նոր իմաստ հաղորդեց մոտազդեցության պատկերացմանը։ Ըստ այդ պատկերացման, փոխազդեցության մեջ գտնվող մասնիկներն իրենց շրջապատող տարածության յուրաքանչյուր կետում ստեղծում են հատուկ վիճակ՝ ուժերի դաշտ, որն ազդում է նույն տարածության որևէ այլ կետում տեղավորված մասնիկների վրա։ Մասնիկն իր դաշտով փոխում է շրջապատող տարածության հատկությունները, և այդ փոփոխված տարածության յուրաքանչյուր կետ ընդունակ է դառնում ազդելու մի այլ մասնիկի վրա, այնպես որ դաշտը կատարում է մասնիկների փոխազդեցության միջնորդի դեր։Դաշտը տարածվում է լույսի արագությանը հավասար վերջավոր արագությամբ, այնպես որ մասնիկները փոխազդում են հապաղումով։ Շարժվող մասնիկի էներգիայի մի մասը փոխանցվում և պատկանում է դաշտին այնքան ժամանակ, մինչև այդ մասնիկը հասնում է մյուսին։ Այսպիսով, ֆիզիկական դաշտերն էներգիայի, ինչպես նաև իմպուլսի, իմպուլսի մոմենտի, երբեմն և լիցքի կրողներ են, այսինքն՝ օժտված են մատերիական օբյեկտի բոլոր հատկություններով։

Ֆիզիկական դաշտերը ոչ միայն իրականացնում են մասնիկների փոխազդեցությունը, այլև կարող են հանդես գալ մասնիկներից անկախ՝ որպես ազատ ֆիզիկական դաշտ (օրինակ, էլեկտրամագնիսական կամ գրավիտացիոն ալիքները)։ Ֆիզիկական դաշտերի նշված հատկություններից հետևում է, որ դաշտը մատերիայի հատուկ ձև է։ Բնության մեջ փոխազդեցության յուրաքանչյուր տեսակի համապատասխանում է իր ֆիզիկական դաշտը։ Փորձի համաձայն, դաշտի էներգիան, իմպուլսը, լիցքը փոփոխվում են ընդհատուն կերպով, այսինքն՝ յուրաքանչյուր ֆիզիկական դաշտի կարելի է համապատասխանեցնել որոշակի մասնիկներ՝ այդ դաշտի քվանտներ (էլեկտրամագնիսական դաշտին՝ ֆոտոններ, գրավիտացիոն դաշտին՝ գրավիտոններ, թույլ դաշտին՝ W± և Z0 միջանկյալ բոզոններ, ուժեղ, գունային դաշտին՝ գլուոններ)։ Սակայն, եթե յուրաքանչյուր ֆիզիկ, դաշտի համապատասխանում են որոշակի մասնիկներ, ապա բոլոր հայտնի մասնիկներին էլ համապատասխանում են քվանտացած ֆիզիկական դաշտեր (մասնիկ-ալիքային երկվության դրսևորումներից մեկը)։ Այսպիսով, տարրական մասնիկների արդի տեսությունը փոխազդող քվանտացած ֆիզիկական դաշտերի տեսություն է։ Հնարավոր է, որ ոչ բոլոր ֆիզիկական դաշտերն են հավասարապես հիմնարար, ինչպիսիք են, օրինակ, էլեկտրամագնիսական և թույլ դաշտերը, որոնք, ինչպես արդեն ապացուցված է, միասնական էլեկտրաթույլ փոխազդեցության տարբեր դրսևորումներն են։

  • Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ

  1. John Gribbin (1998)։ Q is for Quantum: Particle Physics from A to Z։ London: Weidenfeld & Nicolson։ էջ 138։ ISBN 0-297-81752-3 
  2. Richard Feynman (1970)։ The Feynman Lectures on Physics Vol II։ Addison Wesley Longman։ ISBN 978-0-201-02115-8։ «A “field” is any physical quantity which takes on different values at different points in space.» 
  3. Ernan McMullin (2002)։ «The Origins of the Field Concept in Physics»։ Phys. Perspect. 4: 13–39 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png
Other Languages
Alemannisch: Feld (Physik)
العربية: مجال فيزيائي
azərbaycanca: Sahə (Fizika)
беларуская: Поле (фізіка)
български: Поле (физика)
čeština: Fyzikální pole
Deutsch: Feld (Physik)
Esperanto: Kampo (fiziko)
español: Campo (física)
eesti: Väli
français: Champ (physique)
hrvatski: Polje (fizika)
magyar: Térelmélet
Bahasa Indonesia: Medan (fisika)
italiano: Campo (fisica)
日本語:
la .lojban.: ve'erze'erna'u
한국어: 장 (물리학)
lietuvių: Laukas (fizika)
македонски: Поле (физика)
Nederlands: Veld (natuurkunde)
norsk nynorsk: Felt i fysikk
português: Campo (física)
română: Câmp (fizică)
русский: Поле (физика)
sicilianu: Campu (fisica)
srpskohrvatski / српскохрватски: Polje (fizika)
Simple English: Field (physics)
slovenčina: Pole (fyzika)
slovenščina: Polje (fizika)
svenska: Fält (fysik)
Türkçe: Alan (fizik)
українська: Поле (фізика)
Tiếng Việt: Trường (vật lý)
中文: 场 (物理)