Գեղձանմաններ

Ադենոիդների գտնվելու վայրը (նշված է կանաչով)

Գեղձանմաններ, ադենոիդներ (հուն․՝ άδήν` գեղձ և ειδός` տեսք), քթաըմպանային խոռոչում և բկանցքում գտնվող ավշային գոյացությունների գերաճումներ։ Հիմնականում նկատվում է 3-10 տարեկան, երբեմն՝ 10-ից մեծ կամ կրծքի երեխաների օրգանիզմում։ Հիվանդության առաջացմանը նպաստում են որոշ վարակիչ հիվանդություններ (կարմրուկ, քութեշ, դիֆթերիա, գրիպ և այլն), որոնք հանգեցնում են քթի խոռոչի լորձաթաղանթի և նշագեղձերի բորբոքման, ինչպես նաև վերին շնչուղիների սուր և քրոնիկական բորբոքային հիվանդությունների։ Երբեմն շատ մեծանալով, փակում են քթի խոանները, դժվարացնում քթային շնչառությունը։ Երեխան բերանը միշտ բաց է պահում, որի պատճառով առաջանում է քրոնիկական հարբուխ, ատամների անկանոն աճ։ Փակելով միջին ականջի եվստախյան խողովակի ըմպանային բացվածքները, գեղձանմանների պատճառ են դառնում ականջների հիվանդությունների, լսողության թուլացման, անկանոն քնի։ Երեխաները դառնում են անուշադիր, տուժում են մատավոր ունակությունները, երբեմն լինում է գիշերամիզություն։ Բուժումը՝ վիրահատություն։

Ախտանիշներ

Գեղձանմանների առաջին ախտանշաններն են դժվարացած քթային շնչառությունը (գերաճած ըմպանային նշագեղձի պատճառով) և քթից հոսող առատ արտադրությունը (հաճախ լցվում է քթաըմպանը)։ Խանգարված քթային շնչառության դեպքում երեխաները քնում են անհանգիստ, բերանը բաց, սովորաբար խռմփացնում են։ Վատ քնելու պատճառով լինում են թույլ, անտարբեր, հաճախ վատ են սովորում։ Կրծքի երեխաները դժվար են ծծում, որը հանգեցնում է մշտ. թերսնման և ֆիզիկական զարգացման կասեցման։ Բացի այդ, գեղձանմանները կարող են պատճառ դառնալ բրոնխաբորբի և բրոնխաթոքաբորբի։