Արգենտինայի կինեմատոգրաֆիա

Ազգային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ Օսկար ստացած երկրորդ՝ «Նրա աչքերի գաղտնիքը» ֆիլմի պատվին կազմակերպված ընդունելությունն Արգենտինայի նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշների մոտ (կենտրոնում), Բուենոս Այրես, Կասա Ռոսադա, 2010 թ․։
Ներկա էին (ձախից աջ)՝ ռեժիսոր Խուան Խոսե Կամպանելիան, դերասան Գիլիերմո Ֆրանցելլան, նախագահը, դերասանուհի Սոլեդադ Վիլյամիլը, դերասան Ռիկարդո Դարինը։

Արգենտինայի կինեմատոգրաֆիա, Արգենտինայի Հանրապետության ֆիլմարտադրությունը, կինեմատոգրաֆիական նյութի ազգային ոճը և մատուցման ձևը, ինչպես նաև արտադրության գործընթացի և ստեղծված աշխատանքների վարձույթի հետ կապված տնտեսական փոխհարաբերությունները։ Իսպանախոս երկրների այս ոլորտում զբաղեցնում է առաջատար դիրքերը, այդ թվում՝ միջազգային մրցանակների քանակով՝ Գոյա մրցանակի 18 առաջադրումներից հաղթել է 13-ում («Իսպաներեն լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգ), Օսկարի 6 առաջադրումներից 2-ում ( «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգ)։

Պատմություն

Առաջին կինոդիտումն Արգենտինայում, որի ժամանակ ցուցադրվեցին Լյումիեր եղբայրների կարճամետրաժ ֆիլմերը՝ ներառյալ լեգենդար «Գնացքի ժամանումը Լա-Սյոտի կայարան», տեղի ունեցավ 1896 թվականի հուլիսի 18-ին Բուենոս Այրեսի Օդեոն թատրոնում [1]։

Արգենտինական կինեմատոգրաֆիայի առաջին ֆիլմը համարվում է 1897 թվականին Էժեն Պիի նկարահանած մեկ րոպեանոց փաստագրական ժապավենը, որտեղ ցուցադրվում է Բուենոս Այրեսի մայիսյան հրապարակի վրա ծածանվող Արգենտինայի դրոշը [2]։ Արդեն երկու տարի անց էկրան է բարձրանում մի փաստագրական ֆիլմ՝ բժիշկ Ալեխանդրո Պոսադասի վիրաբուժությունների մասին, որով, ըստ «Կոլումբիայի կինեմատոգրաֆիական ժառանգության տեղեկագրի», սկիզբ դրվեց ուսուցողական և ճանաչողական կինոյին [3]։

Կադր «Ամալիա» ֆիլմից (1914)

Դարասկզբի արգենտինական կինեմատոգրաֆիայի համար չափազանց կարևոր են 2 կերպարներ՝ Էժեն (Էուխենիո) Պին [Ն 1] և Մաքս Գլյուքսմանը։ Առաջինը գաղթել էր Ֆրանսիայից, կինոօպերատոր էր և խրոնիկյոր։ Հատկապես հայտնի է նրա՝ Բրազիլիայի նախագահ Կամպուս Սալիսի այցը լուսաբանող սյուժեն (1900)։ Երկրորդը՝ Մաքս Գլյուքսմանը, պրոդյուսեր էր և գործարար։ Հենց նրանք էին 1907-1911 թվականներին պարզ միջոցներ փնտրում ֆիլմերին ձայն ավելացնելու համար՝ փորձելով պատկերը սինխրոնացնել գրամոֆոնի հետ։ Ընդհանուր առմամբ ստեղծվեց 32 «ձայնային տեսարաններ», որոնք որոշակի հաջողություն ունեցան հանդիսատեսի շրջանում [4]։

1908 թվականին Մարիո Գալիոն նկարահանեց «Դոռեգոյի գնդակահարությունը» թեմատիկ ֆիլմը [5], իսկ հաջորդ տարի՝ առաջին էֆեկտավոր ֆիլմը՝ «Մայիսյան հեղափոխություն»-ը ( իսպ.՝ La Revolución de Mayo) [1]։ Ընդհանրապես ազգային գեղարվեստական կինեմատոգրաֆիան ի սկզբանե կապված էր դասական գրականության հետ։ 1914 թվականին ռեժիսոր Էնրիկո Գարսիա Վելիոսոն, Խոսե Մարմոլի համանուն վեպի հիման վրա, նկարահանեց արգենտինական առաջին խաղարկային ֆիլմը՝ «Ամալիա»-ն։ Հաջորդ տարի էկրան բարձրացավ «Գաուչոյի ազնվականությունը» ֆիլմը, որն ազգային կինեմատոգրաֆիայի կոմերցիոն հաջողության առաջին օրինակն էր [4] [6]։ Ժապավենը պատմում է Արգենտինայի մայրաքաղաքում և մերձակա շրջաններում հասարակ իտալացի տարագրի չար արկածների մասին [7]։

1917 թվականին իտալացի տարագիր Կվիրինո Կրիստիանին նկարահանում է «Առաքյալը» մուլտիպլիկացիոն ֆիլմը, որը շատ աղբյուրներ համարում են աշխարհում առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմը [3] [8]։ Կինեմատոգրաֆիայից հեռու չէին նաև քաղաքական և սոցիալական թեմաները, որոնք երևան եկան 1918 թվականի «Վերջին շուրջկալ» և 1919 թվականի «Մերկ Խուանը» ֆիլմերը, որոնք պատմում էին օտարերկրյա մենաշնորհների տնտեսական հարկադրանքի մասին [9]։

1910-ական թվականների երկրորդ կեսին արգենտինական կինոյի շուկան նվաճեց ԱՄՆ [10] ու Ֆրանսիան [4]։