Ազգայնականություն

«Ազգին առաջնորդող ազատություն». Էժեն Դելակուրա, 1830

Ազգայնականություն, նացիոնալիզմ, քաղաքական գաղափարախոսություն և ուղղություն, որի հիմնական դրույթը ազգի արժեքավորությունն է՝ որպես հասարակական միասնության բարձրագույն ձև, և պետության ձևավորման գործում վերջինիս առաջնայնությունը։ Որպես քաղաքական շարժում՝ ազգայնականությունը ձգտում է հաստատել ազգային որոշակի հանրույթի հետաքրքրությունները պետական իշխանության նկատմամբ։ Ունի բազմաթիվ դրսևորումներ ու տարատեսակներ։

«Ազգայնականություն» և «ազգայնամոլություն» եզրերը, հնարավորություն են տալիս սահմանազատել նրա չափավոր դրսևորումները ծայրահեղություններից։ Ազգայանականությունը՝ ճնշված ազգերի ազգայնականությունը, հիմնականում համամարդկային բովանդակություն ունի։ Այն ուղղված է արտաքին ոտնձգությունների դեմ, արտահայտում է համազգային շահեր և նպաստում ազգային ինքնագիտակցության զարգացմանը։ Ազգայնականության իմացաբանական հիմքն ազգային մի շարք դրական հատկանիշների՝ ազգային հպարտության ու արժանապատվության գիտակցումն է։

Ազգայնականության հիմնական թշնամիները միշտ եղել են բազմազգ կայսրությունների ու պետությունների տիրապետող, տիտղոսակիր ազգերն ու նրանց շահերը պաշտպանող տեսաբանները, որոնք տեսականորեն արդարացրել են դարերի ընթացքում նվաճված ու հպատակեցված փոքր ժողովուրդների կարգավիճակը և նրանց մղած ազատագրական պայքարը որակել որպես ազգայնամոլություն, անջատողականություն, դավաճանություն։

Իրականում ազգայնականությունը ոչ այլ ինչ է, քան աշխարհայացք, որի շրջանակներում գիտակցվում են ազգային արժեքները այլ արժեքների շարքում։ Այն ազգային գիտակցության բազմաթիվ ձևերից մեկն է, որը ծնվում է ազգային զարթոնքի ընթացքում։ Աշխարհը բաժանված է ազգերի, որոնցից յուրաքանչյուրը ունի իր ինքնությունը, անցած պատմությունն ու նպատակները։ Ազգն է բոլոր հասարակական ու քաղաքական ուժերի աղբյուրը։ Սեփական ազգի նկատմամբ հավատարմությունն է, որ պետք է գերակա լինի ազգի յուրաքանչյուր անդամի համար։ Մարդու խմբային ինքնության բոլոր դրսևորումների մեջ ազգայինը ամենահիմնականն ու տարողունակն է։

Ազգայնականությունը համարվում է արդի հզոր ուժերից մեկը, որի գաղափարական ազդեցությունը համեմատելի է լիբերալիզմի, ժողովրդավարության ընկալումներին։ Ազգայնականությանը նվիրված են հատկապես Արևմուտքում քաղաքագետների, մարդաբանների, քաղաքական ու սոցիալական հոգեբանների բազմաբնույթ աշխատանքներ։ Նրա վրա մարդկանց ուշադրությունը բևեռվեց՝ կապված հակագաղութային շարժման, արդյունաբերական հասարակություններում էթնիկ ինքնագիտակցության բարձրացման, ազգային շարժումների հետ, այդ թվում՝ հետխորհրդային տարածությունում։

Հասկացության սահմանում

Ազգայնականությունը համալիր սոցիալական երևույթ է, որի օբյեկտը ազգն է։ Լատիներեն «նացիո» հիմքով, ինչը նշանակում է ծննդավայր, այս հասկացությունը մշակվել է Յոհան Գոդֆրիդ Հերդերի կողմից։ Սոցիալական գիտություններում ազգայնականություն հասկացության բացատրությունը ընդհանրապես տարբեր կերպ է տրվում։ Առաջին դեպքում ազգայնականությունը սահմանելիս առանցքային է համարվում ազգ հասկացությունը և այս տեսանկյունից սահմանումները կարելի է տարբերակել միայն քաղաքական և մշակութային փոփոխականներով։ Գիտնականները՝ ինչպիսիք են՝ Հանս Կոհնը, Կարլտոն Հեյեսը, Յոն Պլամենատսը կամ Էնթոնի Սմիթը, հակված են թե՛ տիպաբանական և թե՛ ավելի ներառական սահմանումների կամ բացատրությունների։ Սահմանումների երկրորդ խումբը ազգայնականությունը տարբերակում է ըստ ժամանակագրության՝ մինչև ֆրանսիական հեղափոխությունը կամ դրա ընթացքում, ինչի արդյունքում ունենք պրեմոդեռնիստական և մոդեռնիստական տեսություններ։

Քաղաքական սահմանումներ

Քաղաքական սահմանումները ազգայնականությունը ներկայացնում են որպես քաղաքական հայեցակարգ (doctrine) և շարժում, որը կենտրոնանում է պետության վրա։ Համաձայն այս սահմանումների՝ ազգայնականությունը պահանջ է, ըստ որի կառավարողները և կառավարվողները պետք է կամ մշակույթով կամ քաղաքականապես նույնական լինեն. ազգային պետության ձևավորում կամ պահպանություն, ինչը ենթադրում է կամ ազգ կոչվող մշակութային համայնքների, որոնք արդեն ունեն պետականություն և դիմակայում են արտաքին վտանգներին, քաղաքական անկախության պահպանություն կամ պետականության ստեղծում այն ազգերի կողմից, որոնք գտնվում են բազմազգ պետությունների գերիշխող, ավելի հզոր ազգերի տիրապետության տակ։ Այսպիսով, ազգայնական շարժումները կարող են ներառել դիմադրություն օտար ուժին կամ ձգտում ինքնակառավարման կամ ինքնորոշման՝ ապահովելու ազգի ֆիզիկական և մշակութային հարատևությունը։ Այս բնույթի քաղաքական ազգայնականությունը ազգային պետությունը, համարում է մարդկային քաղաքական կազմակերպման ամենանաիդելական ձևը։ Պետականության այս տեսլականի հիմնական ներկայացուցիչը, ինչպես նաև քննադատը Էլի Կեդորին է։ Նրա համար ազգայնականությունը ինքնակառավարման հայեցակարգ է[1]:

Հաջորդ տեսակը պետության կողմից իրականացվող բնակչության մշակութային հոմոգենիզացիան է։ Այս դեպքում պետությունը իր վրա վերցնում է նոր՝ մշակութային դեր։ Պետությունն այժմ դառնում է ժողովրդին կրթող և մշակույթի պահապան։ Այն ստեղծում է ազգը։ Պետության կողմից իրականացվող մշակութային հոմոգենիզացիան, կամ այլ կերպ ասած ազգայնականացումը կարող է ներառել, առաջին՝ պետության կողմից հովանավորվող դպրոցների ստեղծում, որտեղ ուսանելը պարտադիր է բոլորի համար, և երկրորդ՝ նախապես առկա մշակութային տարրերի ստանդարտացում, հատկապես լեզվի առումով։ Լեզվի ստանդարտացումն առաջին անգամ կիրառվել է Ֆրանսիայում Լուիս 14-րդ կողմից 1635 թվականին Ֆրանսիական Ակադեմիան հիմնելուց հետո՝ չնայած այն փաստին, որ դրա կրողը ազնվականության սակավաթիվ կրթված զանգվածն էր։

Պետության կողմից տարվող մշակութային հոմոգենիացիան կարող է ունենալ այնպիսի դրական արդյունքներ, ինչպես ծայրամասի մասսայական բնակչության ընդգրկումը կենտրոնի շրջանակներում, որպես ամբողջի հավասարազոր բաղկացուցիչ։ Հոմոգենիզացիայի պահանջը կարող է ունենալ նաև բացասական հետևանքներ։ Առաջին հերթին՝ կոնֆլիկտ ազգային մշակույթի էության վերաբերյալ, երկրորդ՝ մշակութային նույնության հիմքով պարտադրված համերաշխություն, երրորդ՝ մշակութային փոքրամասնությունների էթնիկ զտումներ, չորրորդ՝ մշակութային փոքրամասնությունների ստիպողական թուլացում և հինգորորդ՝ անձնային ազատությունների սահմանափակում կամ վերացում պետական ճնշման տակ։

Քաղաքական հոմոգենիզացիան ընդգրկում է կառավարողի և կառավարվողի քաղաքական ընդհանրությունը. ներկայացուցչական մարմինների միջոցով պետության բոլոր բնակիչների հավասար մասնակցությունը քաղաքական գործընթացներում, ինչը ենթադրում է կառավարողի և կառավարվողի մինչև տարբերության վերացում՝ «դեմոս»-ի քաղաքացիական իրավունքների ճանաչմամբ։ Ազգայնականությունը պահանջում է ժողովրդի իշխանություն՝ հաշվի առնելով կամ հաշվի չառնելով քաղաքացի լինելու կամ դառնալու մշակութային սահմանափակումները։

Էռնեստ Ռենանը և Դոմինիկ Շնեպեռը պատկանում են այն գիտնականների թվին, որոնք ազգայնականությունը համարում են որպես հիմնականում դեմոկրատական շարժում՝ միտված աշխարհագրորեն առանձնացված քաղաքացիների համայնքներ ստեղծելուն։

Մշակութային սահմանումներ

Ազգայնականության մշակութային սահմանումները ընդգծում են ազգային ծրագրի մշակութային և հատկապես ավանդական կողմերը։ Նրանք ազգայնականությունը ներկայացնում են որպես մի շարժում, որը քարոզում է համայնքի ավանդական մշակույթի վերածնունդը՝ հատկապես այն էթնիկ համայնքի ոսկեդարը, որում տվյալ շարժման ներկայացուցիչները ծնվել են։ Որպես այդպիսին՝ ազգայնականությունը կրթական շարժում է՝ ուղղված ներքին բարեփոխումներին։ Այն անհատին և խմբին տալիս է խմբային ինքնության ընդհանուր ծագման զգացում և արժեքային համակարգ։ Ազգայնականությունը քարոզում է և պաշտպանում անհատի կամ խմբի նույնացումը իր էթնիկ արմատներին, ֆիզիկական տիպին, լեզվին, տարածքին, պատմությանը, լեգենդներին, սիմվոլներին և ավանդույթներին, կամ ավելի հակիրճ ձևակերպմամբ իր ծնողների և նախնիների ապրելակերպին։ Համաձայն Մաքս Վեբերի՝ մշակութային վերը նշված ռեսուրսների պահպանությունը և վերածնունդը՝ որպես մշակութային անփոխարինելի արժեքներ, ձևավորում են ազգայնականության այս տեսակը։

Այս արժեքները կարող են լինել ցածր (ժողովրդական) կամ բարձր (վերնախավի) մշակույթի կամ նույնիսկ քաղաքակրթության մաս։ Ազգայնականության այս կոնցեպցիան ընդգծում է ինտելեկտուալների և արվեստագետների դերը էթնիկ մշակույթի հաստատման, համապատասխանեցման և փոխանցման ընթացքում։ Ազգայնականության մշակութային նման ըմբռնումը նվազեցնում է անկախ պետականության դերը ազգայնական շարժումներում։ Փաստորեն, պետականության ձեռքբերումը համայնքի ինքնարտահայտման պահանջի իրացման (այն է պահպանել իր մշակույթը և աշխարհայացքը) հնարավոր ձևերից միայն մեկն է։ Եվ իսկապես նման ձևակերպմամբ ազգայնականությունը կարող է ի հայտ գալ թե՛ մշակութային համայնքների ներսում թե՛մի ազգի ներսում որը արդեն ունի պետականություն։ Ազգայնականության այս բացատրության հետ են կապված Հերդերի և Ջոն Հատչիսոնի անունները։

Որոշ գիտնականներ, առաջին հերթին՝ Իսա Բեռլինը ինչպես նաև Գելլները և Լիա Գրինֆիլդը, ազգայնական շարժումները ընկալում են որպես պայքար կարգավիճակի կամ հեղինակության համար։ Մասնավորապես, Բեռլինը ազգայնականությունը սահմանում է որպես շարժում ճանաչման համար[2]: Ազգայնականությունը պահանջում է որևէ մշակութային համայնքի կամ որևէ կոլեկտիվ ինքնության իրավահավասարության ճանաչում՝ այլ մշակույթների կամ համայնքների համեմատությամբ։ Գրինֆլիդը նույնպես պնդում է, որ ընդվզումը գերակա բռնատիրական մշակույթի դեմ ազգայնականության հիմնական պատճառն է[3]:

Ազգայնականության Էնթոնի Սմիթի բացատրությունը հավանաբար ամենահամապարպակն է։ Ըստ նրա՝ ազգայնականությունը գաղափարախոսական շարժում է բնակչության անունից, որի որոշ անդամների կողմից այն համարվում է ազգ, կոչված՝ ձեռք բերելու և պահպանելու առաջինը՝ քաղաքական և տնտեսական ինքնավարություն (կամ անկախություն) և քաղաքացիական իրավունքներ, երկրորդը՝ էթնոմշակութային ինքնություն և երրորդ սոցիալական միասնություն[4]:

Other Languages
Afrikaans: Nasionalisme
Alemannisch: Nationalismus
aragonés: Nacionalismo
العربية: قومية
অসমীয়া: জাতীয়তাবাদ
asturianu: Nacionalismu
azərbaycanca: Millətçilik
башҡортса: Милләтселек
žemaitėška: Naciuonalėzmos
беларуская: Нацыяналізм
беларуская (тарашкевіца)‎: Нацыяналізм
български: Национализъм
brezhoneg: Broadelouriezh
bosanski: Nacionalizam
català: Nacionalisme
нохчийн: Национализм
čeština: Nacionalismus
Deutsch: Nationalismus
Ελληνικά: Εθνικισμός
English: Nationalism
Esperanto: Naciismo
español: Nacionalismo
eesti: Rahvuslus
euskara: Nazionalismo
estremeñu: Nacionalismu
føroyskt: Nationalisma
français: Nationalisme
galego: Nacionalismo
עברית: לאומיות
हिन्दी: राष्ट्रवाद
Fiji Hindi: Rastryawaad
hrvatski: Nacionalizam
Bahasa Indonesia: Nasionalisme
Ilokano: Nasionalismo
italiano: Nazionalismo
Patois: Nashinalizim
Basa Jawa: Nasionalisme
қазақша: Ұлтшылдық
한국어: 내셔널리즘
къарачай-малкъар: Миллетчилик
Ladino: Nasionalizmo
Limburgs: Nationalisme
lumbaart: Naziunalism
lietuvių: Nacionalizmas
latviešu: Nacionālisms
македонски: Национализам
മലയാളം: ദേശീയത
Bahasa Melayu: Nasionalisme
Mirandés: Nacionalismo
မြန်မာဘာသာ: အမျိုးသားရေးဝါဒ
مازِرونی: ناسیونالیسم
नेपाल भाषा: राष्ट्रवाद
Nederlands: Nationalisme
norsk nynorsk: Nasjonalisme
occitan: Nacionalisme
ਪੰਜਾਬੀ: ਕੌਮਪ੍ਰਸਤੀ
polski: Nacjonalizm
Piemontèis: Nassionalism
پنجابی: نیشنلزم
português: Nacionalismo
rumantsch: Naziunalissem
română: Naționalism
русский: Национализм
русиньскый: Націоналізм
саха тыла: Национализм
sicilianu: Nazziunalismu
davvisámegiella: Nationalisma
srpskohrvatski / српскохрватски: Nacionalizam
Simple English: Nationalism
slovenčina: Nacionalizmus
slovenščina: Nacionalizem
српски / srpski: Национализам
svenska: Nationalism
Kiswahili: Utaifa
Türkçe: Milliyetçilik
татарча/tatarça: Милләтчелек
тыва дыл: Национализм
ئۇيغۇرچە / Uyghurche: مىللەتچىلىك
українська: Націоналізм
oʻzbekcha/ўзбекча: Millatchilik
Tiếng Việt: Chủ nghĩa dân tộc
Winaray: Nasyonalismó
მარგალური: ნაციონალიზმი
中文: 民族主義
Bân-lâm-gú: Bîn-cho̍k-chú-gī
粵語: 民族主義